25.11.2024
Սա անոմալիա է. երեկվա ծայրահեղ վտանգավոր ասուլիսից հետո ԱԺ-ն հանգիստ սկսում է աշխատանքը
prev Նախորդ նորություն

Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ. Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձավ նաև, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցությունները, ինչը բնականաբար առաջացնելու է անվտանգային լրջագույն խնդիրներ։ Կասկած չունեմ՝ շուտով նաև կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամանաբնությամբ»։ Այս մասին գրում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․


«Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։


Նախ արձանագրենք, որ Հայաստանում և Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը բացառապես Փաշինյանի սխալ և անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական ձախողումներն են։


Երկրորդ՝ աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակը մեզ ստիպում է ոչ թե արագ հասնել մեզ համար բացարձակապես անընդունելի հանգուցալուծման, այլ ճիշտ հակառակը՝ առավել լայն հնարավորություններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար։


Առանց մտնելու վերլուծությունների, պատմական անդրադարձերի և այլ քննարկումների մեջ՝ ուզում եմ ամենայն վստահությամբ և պատասխանատվությամբ ասել, որ լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր։ Եվ որ շատ կարճ ժամանակում հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել այս հարցում հետաքրքրություն ցուցաբերող և միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում և մոտեցումներում։ Նույն ժամանակահատվածում հնարավոր է հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարավորություն կստեղծի հասնել Արցախյան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը և կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության։


Միջազգային հանրությունը և Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ խնդրի փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու երկու ժողովուրդների միջև։


Իհարկե, այն, ինչ արվում է, անընդունելի է և դատապարտելի։ Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ։ Եթե անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կլինի ժամանակավոր շեղում պատմության բնականոն ընթացքից",- գրել է Օսկանյանը։