23.12.2024
Ղարաբաղում իրավիճակի կայունացումը ՀԱՊԿ ջանքերի արդյունքն է. Բորդյուժա
09.06.2016
Ղարաբաղում իրավիճակի կայունացումը ՀԱՊԿ ջանքերի արդյունքն է. Բորդյուժա

ՀԱՊԿ անդամ-պետությունների սահմաններին իրավիճակի ցանկացած ապակայունացում, առավել ևս զինված հակամարտություն դիտարկվում է որպես սպառնալիք այդ պետությունների անվտանգությանը: Հետևաբար կազմակերպության անդամ-պետություններին առնչվող սպառնալիքները, զինված հակամարտությունները չեն կարող անուշադրության մատնվել ՀԱՊԿ կողմից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նշենք, որ Երևանում ընթանում է ՀԱՊԿ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստը: Անդրադառնալով հայ լրագրողների հարցերին, թե ինչու ՀԱՊԿ-ը ակտիվ դերակատարում չունեցավ ապրիլյան պատերազմի ժամանակ, Բորդյուժան մատնանշել է, թե ՌԴ նախագահ Պուտինի, վարչապետ Մեդվեդևի, ԱԳ նախարար Լավրովի ակտիվությունն այդ օրերին և իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը ոչ այլ ինչ են, քան ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերություն: «Իրավիճակի կայունացումը կազմակերպության գործողությունների արդյունքն է, ուստի մեր դերը պետք է այդ տեսանկյունից դիտարկել, ոչ թե ռազմական ուժի գործադրման կամ չգործադրման տեսանկյունից»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան: Իսկ հետագայում նման լարվածությունների սպառնալիքը չեզոքացնելու համար ՀԱՊԿ-ը, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, լուրջ քաղաքական ներուժ է կիրառում, գործի դնում մոնիթորինգային «ճգնաժամային արձագանքման» խումբը, և այլն: Որպես ևս մեկ մոտեցում ՀԱՊԿ անդամ պետությանը Բորդյուժան մատնանշեց սպառազինումը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է զենք գնել ինքնարժեքով: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը անդրադարձավ քառօրյա պատերազմին: Գևորգյանի խոսքով, ապրիլի սկզբին, ղարաբաղաադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության աճ գրանցվեց՝ Ղարաբաղի ժողովուրդը բախվեց Ադրբեջանի կողմից ուղիղ ագրեսիայի հետ: «Սա դարձավ լուրջ մարտահրավեր՝ տարածաշրջանի, Հարավային Կովկասի անվտանգության, կայունության համար, ինչպես նաև հանգեցրեց 1994թ.-ին ձեռք բերված հրադադարի խոշոր խախտումների հետ: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, չի կարող Ադրբեջանի նմանօրինակ գործողություններին կողքից նայել»,- նիստի մասնակիցներին ներկայացրեց Գևորգյանը: ԱԱԽ քարտուղարի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մարդկային զոհերի, որը հնարավոր եղավ կանգնեցնել, իրավիճակը դարձնել վերահսկելի, և այդ հարցում մեծ դեր խաղացին Ռուսաստանի կողմից գործադրված ջանքերը, որին հենց Ադրբեջանն էր դիմել՝ խնդրելով հրադադար հաստատել: «Այս ամենը տեղի ունեցավ ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում, ու մենք ելնում ենք նրանից, որ դա անհանգստացնող է, մտահոգիչ ՀԱՊԿ մեր գործընկերների համար այնպես, ինչպես մենք անտարբեր չենք Կենտրոնական Ասիայում և այլ կետերում տեղի ունեցող զարգացումներին: Հայ հասարակությունը ավելի մեծ համախմբվածություն է ակնկալում ՀԱՊԿ անդամ-պետություններից»,- շեշտեց Գևորգյանը: