Ազգային Ժողովն այլևս նախընտրական ռեժիմում է, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսը պատգամավորները օրենսդիր գործունեությամբ զբաղվելու փոխարեն կզբաղվեն բացառապես ընտրական գործընթացներով: Առաջին ծիծեռնակը՝ ԱԺ այսօրվա նիստը չկայացավ քվորում չապահովելու պատճառով և երեք ժամ անց երկրորդ փորձը կարվի նիստ գումարելու, եթե այդ ընթացքում պատգամավորները ժամանեն խորհրդարան: Ազգային Ժողովի նիստերին մասնակցելու փոխարեն պատգամավորները լուրջ գործերի մեջ են: Օրինակ, միջանձնյա հարցեր են լուծում, դանակահարում մրցակիցներին: Վերջին օրինակը դարձյալ Մասիսում էր, որը սպառնում է դառնալ այս ընտրությունների ամենաթեժ ու արյունալի ընտրատարածքը> նախօրեին հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, տուժողը՝ Աբրահամ Ադամյանը, «Ծառուկյան» դաշինքի աջակիցն է, իսկ դանակահարողը՝ Արթուր Հայրապետյանը՝ Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի աջակիցը: Իսկ անցած շաբաթ Մասիսում լուրջ բախումներ են տեղի ունեցել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորայնի եղբոր՝ Արայիկ Գրիգորյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի միջև, տուժածներից մեկը գլխի վնասվածքով տեղզափոխվել էր հիվանդանոց: Ուշագրավն այն է, որ երկուսն էլ՝ Արայիկ Գրիգորյանն ու Մուրադ Մուրադյանը, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ են, երկուսն էլ ՝ ՀՀԿ-ական: Երեկվա միջադեպի առնչությամբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել է իրավապահներին, «որպեսզի սանձեն Մասիսի հանրապետական բեսպրեդելը, այլապես արյունալի բախումներ տեղի են ունենալու ամեն օր»: