25.11.2024
ՀՀ-ում կստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան. ներկրելու են կոկորդիլոսի ձու՝ 400 դոլար արժեքով
prev Նախորդ նորություն

Փոխե՞լ, թե՞ չփոխել ՀՀ օրհներգը. Հայաստանը հավաքագրում է սփյուռքի կարծիքը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը:


«Արդեն նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարված է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ: Սիրելի´ սփյուռքահայեր, եթե ցանկանում եք արտահայտել Ձեր կարծիքը, ապա կարող եք այն ուղարկել [email protected] էլ. Հասցեին», - ասված է նրա գրառման մեջ:


Նշենք, որ ՀՀ օրհներգի փոփոխության վերաբերյալ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը մեծ արձագանք ստացավ հանրության շրջանում: Նախաձեռնությունը գովեցին եւ քննադատեցին: Ինքը՝ նախաձեռնության հեղինակը հանգեց հետեւյալ եզրակացությունների


«Միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում Հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է: Միանշանակ է, որ Շառլ Անզնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ:


Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն են առաջացնում: Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է:


Իմի բերելով վերը նշվածը և էլի շատ ու շատ բաներ, ուզում եմ հիմա Ձեզ ասել էլ ավելի միանշանակ բաներ:


Որոշողը Դուք եք, սիրելի ժողովուրդ, իհարկե, երկրում կան շատ ու շատ ավելի կարևոր խնդիրներ, բայց դրանք միշտ կլինեն: Ես ետ չեմ կանգնելու հանրությանը տարբեր առաջարկներ անելու և լսելու պրակտիկայից, ես չեմ խուսափելու համարձակ, ոչ պոպուլյար լուծումներ առաջարկելուց և չեմ վախեցել և չեմ վախենում անհանդուրժողականությունից և հարվածներից:


Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա: Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ և հարգանքով կմոտենամ գործող օրհներգին և գնահատելով հինը կարարեմ նորը, Ձեր հետ միասին»: