25.11.2024
Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում. ՀԺ
prev Նախորդ նորություն

Oրենքները թույլ տալի՞ս են փոխել պետական խորհրդանիշը՝ օրհներգը. Դանիելյանը պարզաբանում է

Բարձրագույն դատախան խորհրդի անդամ, սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանը ներկայացրել է իր կարծիքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրհներգի փոփոխության նախաձեռնության վերաբերյալ՝ խոսելով դրա իրավական հիմքերի մասին:


«Չէի անդրադառնա օրհներգի, դրոշի և զինանշանի առնչությամբ, պայմանականորեն ասած, հանրային քննարկումներին, եթե ոմանք պետության խորհրդանիշերի առնչությամբ անհարկի չտարվեին ակնհայտ ծաղրական «դիտարկումներով»:


Կամենում եմ ընկերներիս հակիրճ որոշ նկատառումներ ներկայացնել՝


ա) նախ, Սահմանադրության 21-րդ հոդվածով օրհներգը, դրոշը և զինանշանը «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշեր են», ինչն էլ հիմք ընդունելով, ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված դրանց անարգման համար (ինչից բխում է, որ հանրային քննարկումները չպետք է վերածվեն անհաջող հումորային ժանրի համատեքստում խորհրդանիշերի անարգանքի),


բ) ԻՆՉՊԵՍ ԴՐՈՇԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՍՊԱՌԻՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ՀԵՆՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ, դրանք չեն կարող ընթացիկ օրենքներով վերանայվել, օրենքներով կարող են սոսկ դրանց նկարագրության մանրամասները սահմանվել՝ ոչ ավելին,


գ) օրենքով կարող է սահմանվել միայն օրհներգը, ուստի օրենսդրական հարթությամբ քննարկման նյութ կարող է լինել միայն օրհներգը, եթե, իհարկե, դրա համար բավարար իրավաքաղաքական հիմքեր կլինեն», - ասված է նրա գրառման մեջ:


Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությունը ՀՀ օրհներգի փոփոխության վերաբերյալ հավաքագրում է հայկական համայնքների կարծիքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել էր Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը:


Միեւնույն ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունում չկա օրակարգ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված: «Պաշտոնապես հայտնում եմ, որ ոչ հետաձգելու հարց կա, ոչ էլ օրակարգում նման հարց կա, ընդհանրպես նման հարց քննարկման ենթակա չէ»,-ասել է նա: