23.12.2024
ՀՕՊ համակարգ. Ի՞նչ է շահում Հայաստանը և ի՞նչ՝ կորցնում
09.06.2016
ՀՕՊ համակարգ. Ի՞նչ է շահում Հայաստանը և ի՞նչ՝ կորցնում

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ՀՀ Ազգային Ժողովը կքննարկի հաջորդ շաբաթ արտահերթ նստաշրջանի ժամանակ: Համաձայնագիրը արդեն իսկ հասցրել է բուռն քննարկումների առիթ հանդիսանալ ու բաժանել պատգամավորներին երկու ճամբարի. մի մասը պնդում է, որ դրա վավերացումը քաղաքական սխալ է և չի բխում Հայաստանի անվտանգության շահերից, ինչպես նաև նրա սուվերենությանը սպանում: Վավերացման կողմնակիցներն էլ մատնանշում են, որ այն իսկապես կարևոր է Հայաստանի համար և հնարավորություն կտա արդիական տեխնիկայով ապահովել պետության անվտանությունը: Ամենախիստ ընդդիմադիրը համաձայնագրին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն է: Վերջինիս խոսքով՝ սա հերթական բուտաֆորիա համաձայնագիրն է, որն իբրև կուժեղացնի Հայաստանի անվտանգության համակարգը, բայց իրականում այդ ամենը կեղծ ուղերձ է պարունակում հանրությանը, քանի որ միայն Ռուսաստանի շահից է այն բխում, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ այդ գերտերության հլու-հնազանդ կամակատարը: «Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանի հետ համաձայնագրերով մենք ուղղակի հրաժարվում ենք մեր ինքնիշխան հակաօդային պաշտպանության և ընդհանրապես անվտանգության համակարգն ուժեղացնելուց: Այս համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահերից, այն բխում է բացառապես Ռուսաստանի շահերից»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս դեմ է քվեարկելու համաձայնագրի վավերացմանը: Մինչդեռ պաշտոնական Երևանը պնդում է՝ Հայաստանի օդային տարածքը Ռուսաստանին հանձնելու խնդիր չկա: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագիրը, որ այս պահին Ազգային Ժողովի օրակարգում է, երկակի մոտեցման է արժանանում: «Այնպես չէ, որ այդ համաձայնագրով Հայաստանը կորցնում է օդային պաշտպանության ոլորտում իր անկախությունը: Կա նաև դրա երկրորդ կողմը, այն է՝ մենք հնարավորություն ենք տալու շատ մանրակրկիտ դիտարկել մեզ շրջապատող ամբողջ տարածքը: Այսինքն՝ դեռևս մենք չունենք այն հնարավորությունը, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան, ինչն անչափ կարևոր է մեզ շրջապատող տարածքը մանրակրկիտ ուսումնասիրելու համար: Կրկնում եմ, Հայաստանի օդային տարածքը Ռուսաստանին հանձնելու խնդիր չկա»,- նշեց փոխարտգործնախարարը: Քոչարյանը նաև շեշտեց, որ մեր երկրում հրամանատարությունը ու հրամաններ տալու առաքելությունը միշտ մնում է Հայաստանի ձեռքում: Ընդդիմախոսներից է նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ում խոսքով՝ "այս տարիների ընթացքում մենք այդպես էլ չհասկացանք, թե ովքե՞ր ենք մենք լինելու մեր պատմական հայրենիքում, ինչպիսի՞ քաղաքական քարտեզով պետք է հանդես գանք, ինչպիսի՞ անձանգիր պետք է ունենանք": Այսինքն՝ ի վերջո, մենք շարունակելու ենք մնալ որպես վիլայեթ, խանություն, գուբերնիա, թե՞ լինելու ենք իրոք անկախ հանրապետություն, որն իր պատմական հայրենիքում պետք է ունենա հնարավորություն զարգանալու: «Ցավոք, 25 տարի է, ինչ Հայաստանը հայտարարել է անկախության մասին, բայց սրա հետ մեկտեղ մենք թույլ ենք տվել, որ ռուսական զորքերը մեր սահմանից այդպես էլ չեն գնացել: Ռուսաստանը դիտարկում են Թուրքիայի և Պարսկաստանի հետ սահմանը որպես ՌԴ սահման և հենց այնպես չէր, որ երկու տարի առաջ Պուտինը եկավ Հայաստան, բայց ոչ թե մայրաքաղաք, այլ վայրէջք կատարեց Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան և այնտեղ էլ հենց հայտարարեց, որ ռուսը երբեք չի գնացել Կովկասից: Բայց չմոռանանք, որ իրենք Կովկասում ունեն ընդամենը 200 տարվա պատմություն»,- նշեց նա: Զարուհի Փոստանջյանը վստահություն հայտնեց, որ քաղաքական քարտեզը, որը ձևավորվել է նաև Լենինի շնորհիվ, փոփոխվելու է, և հենց այստեղ է, որ Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեռնող կայսրության հետ, ինչպիսին այսօր Ռուսաստանն է, ճամփա ընկնել: Փոստանջյանը նկատեց, որ դա բերեց նրան, որ եղավ քառօրյա պատերազմ և դա, ցավոք, շարունակություն է ունենալու. «Եղավ քառօրյա պատերազմ, այն շարունակություն կունենա, եթե Հայաստանը չհրաժարվի այս քաղաքականությունից: Այսինքն՝ միակողմանի կործանվող իմպերիայի, մեռելի հետ ճանապարհ շարունակելուց»,- հավելեց նա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ այն կարծիքին է, որ ՌԴ հետ միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից, քանի որ այն ենթադրում է ընդհանուր տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդրի լուծում: Իսկ Հայաստանը, հիշեցրեց նա, միայն մի սահմանով չէ, որ բարդ դրություն ունի. «Մենք պատերազմական իրավիճակում ենք Ադրբեջանի հետ, Թուրքիան է սպառնալիք Հայաստանի համար, քանի որ նրանց երրորդ դաշտային բանակը տեղակայված է մեր սահմանների մոտ՝ Նախիջևանում: Եթե չունես ավելի լավ համակարգ, ապա պետք է ուժեղացնես այն, ինչ ունես, հակառակ հայտարարությունները մեր շահերից չեն բխում»,- շեշտեց Ռուստամյանը: Պատգամավորը հորդորեց չընկնել ծայրահեղության մեջ, քանի որ բոլոր նրանք, ովքեր դեմ են համաձայնագրին, դժվար թե ավելի լավ առաջարկ ունեն: Իսկ Հայաստանը, նրա խոսքով, այսօր չունի այլընտրանք: «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո օրակարգում գլխավոր խնդիրներից մեկը պետք է դառնա այն խնդիրը, որ Ղարաբաղը դուրս չմնա այն բոլոր կառույցներից, որտեղ ներկայացված է Հայաստանը և որը լուծում է անվտանգության և հումանիտար խնդիրներ»,- հավելեց Ռուստամյանը: Հիշեցնենք, համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված: Համաձայնագրի քննարկումը նախատեսված է Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստում, որը կմեկնարկի երկուշաբթի օրը: