Նոր Սահմանադրությունն ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են Արցախի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանը և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հիշեցնենք, Արցախում այսօր առավոտյան մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն: «Նոր սահմանադրությունը նոր մակարդակի է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը՝ և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու իմաստով»,- ասել է նա: Ղուլյանը կարծիք է հայտնել, որ քննարկումների արդյունքում իրենց հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որը հզորացնելով երկրի նախագահին, այդուհանդերձ չի թուլացնի խորհրդարանին: Հիշեցնենք, նոր սահմանադրությամբ Ղարաբաղում նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: