25.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան
prev Նախորդ նորություն

Պղնձի հանքաքարեր եւ խտահանքեր․ ՀՀ-ն ավելի մեծ տեմպերով է քանդում ընդերքն ու արտահանում ԵՄ

Եվրամիության երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով՝ 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար, ընդ որում արտահանումն ավելացել է մոտ 8 տոկոսով: Առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու արտահանման գործընթացի դյուրացմանը մեծապես նպաստել է նաեւ GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմը ու դրա շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը:


«Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանի հետ:


«ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի եւ ԵՄ միջեւ առեւտրի կարգավորող միջավայրը եւ ներդրումային միջավայրը բարելավելու համար՝ մի շարք ոլորտներում երկկողմ առավել ակտիվ համագործակցության, առեւտրային միջավայրի թափանցիկության ապահովման, տեղեկատվության փոխանակման եւ խոչընդոտների վերացման միջոցով: Դրանով մասնավորապես, կբարելավվի համագործակցությունը մտավոր սեփականության իրավունքների, մրցակցության պաշտպանության, մաքսային հարցերի, առեւտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների եւ այլ ոլորտներում: Այս ամենը գործոններ են, որոնք նախապայմաններ են ստեղծում բիզնեսի համար կայունության եւ կանխատեսելիության բարձրացման, կողմերի միջեւ գործարար շփումների ու կապերի առավել ակտիվացման, բոլոր ոլորտներում համագործակցության խորացման ու զարգացման, երկկողմ հարաբերությունների որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասել է Մայսուրյանն ու շեշտել՝ դրանք, անշուշտ, դրականորեն կանդրադառնան առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վրա:


ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարի աճել է 19 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար՝ 2017-ի 1 մլրդ 537 մլն 564 հազարի համեմատ: ԵՄ երկրներից առեւտրաշրջանառության ամենամեծ ծավալը 2018-ին գրանցվել է Գերմանիայի հետ՝ 427 մլն 993.3 հազար դոլար՝ 2017-ի հունվար-դեկտեմբերի 334 մլն 279.5 հազար դոլարի համեմատ աճելով 28 տոկոսով:


2018-ին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 683 մլն 847 հազար դոլար՝ 2017թ. 633 մլն 757 հազար դոլարի համեմատ աճելով 7.9 տոկոսով: Ընդ որում` Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Բուլղարիա՝ 215 մլն 270 հազար դոլար՝ թեեւ այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել էր մոտ 23.8 տոկոսով: Արտահանման հաջորդ ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Գերմանիա՝ 136 մլն 79 հազար դոլար՝ 2017-ի համեմատ աճելով 2.2 տոկոսով: Արտահանման երրորդ ամենամեծ ծավալը բաժին է ընկել Նիդերլանդներին՝ 132 մլն 356 հազար դոլար՝ 2017-ի համեմատ աճելով 49.4 տոկոսով:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Հայաստանից ԵՄ երկրներ արտահանվող ապրանքների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում` պղնձի հանքաքարեր եւ խտահանքերը, չզտված պղինձը, ֆեռոհամաձուլվածքները, ալյումինե նրբաթիթեղը, մանածագործական արտադրանքը, ալկոհոլային խմիչքը, թանկարժեք քարեր եւ մետաղները, մոլիբդենը եւ դրանից պատրաստված արտադրատեսակները:


Նախարարության տեղեկացմամբ՝ նախորդ տարի դեպի ԵՄ երկրներ արտահանման գործընթացի դյուրացմանը նպաստել է նաեւ մեկ այլ գործոն: 2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» ((Registered Exporter System-REX): GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» (REX) ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը եւ հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը եւ խնայելու ժամանակը։