25.11.2024
Պղնձի հանքաքարեր եւ խտահանքեր․ ՀՀ-ն ավելի մեծ տեմպերով է քանդում ընդերքն ու արտահանում ԵՄ
prev Նախորդ նորություն

Թվերի և միջոցառումների հաջորդականության բացակայություն. Կառավարության ծրագրի ոդիսականը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է վերլուծություն կառավարության ծրագրի մասով՝ հաշվի առնելով այն խոսակցությունները, թե ծրագրում թվերի սակավություն կա, ինչը չի կարող չանհանգստացնել:


Կենտրոնի տնտեսագետները ծրագիրը վերլուծել են ըստ ոլորտների ու թիրախային խմբերի. 


«ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Որպես աղքատության հաղթահարման գործիք ընտրվել է աշխատանքի քաջալերումը : Նշենք, որ ըստ ՀՀ 2014-2025թթ.-ի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի՝ գործազրկության մակարդակի նվազումը և 2025թ.-ին դրա 10% շեմի արձանագրմանը հնարավոր կլինի հասնել միջնաժամկետ հատվածում ՀՆԱ-ի` շուրջ 6% իրական աճի պայմաններում: Եթե միջնաժամկետ հատվածում ՀՆԱ-ի աճի տեմպերը չգերազանցեն 6%-ը, ապա գործազրկության մակարդակը կշարունակի մնալ համեմատաբար բարձր մակարդակի վրա: Մինչդեռ ՀՀ կառավարության ծրագրում ՀՆԱ-ի թիրախային ցուցանիշը 5% է՝ գնաճի 4% կանխատեսման համատեքստում:


ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ
Բազում հետազոտություններ ապացուցել են, որ գոյություն ունի դրական կապ արտահանման և տնտեսական աճի միջև (արտահանման ծավալների աճը հանգեցնում է տնտեսական աճի): Մեր կողմից կատարված վերլուծությունները փաստել են, որ արտահանման կառուցվածքը՝ հատկապես ապրանքային խմբերի կտրվածքով, ավելի լայն դիվերսիֆիկացիայի աստիճան պետք է ունենա, որտեղ կնվազի հանքահումքային արդյունաբերության և դրան հարակից ոլորտների արտահանումը՝ վերջիններիս ծավալների փոփոխության հանդեպ երկրի խոցելիության աստիճանը նվազեցնելու համար:


Մյուս կողմից կառավարության ծրագրում նշված է, որ ապրանքների և ծառայությունների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է կազմի 43-45%, որի մեջ պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը: Այստեղ ևս չի շեշտադրվում, թե հատկապես որ ապրանքների արտահանման ծավալների աճի շնորհիվ է աճ ապահովելու ՀՀ արտահանման կառուցվածքում:


ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԸ՝ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՃԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ՀՀ տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում կարևոր դեր է խաղում կապիտալի պաշարի աճի տեմպերը, ինչին էլ հնարավոր է հասնել հիմնական միջոցների համախառն կուտակման ավելի բարձր աճի տեմպերի պարագայում: Թեպետ կառավարությունը նշում է, որ աջակցելու է ներդրողներին, ստեղծելու է բարենպաստ ներդրումային միջավայր, սակայն բաց է մնում այն հարցը, թե հատկապես որ ոլորտներում է ներգրավելու և ինչ տիպի ներդրողների է ներգրավելու՝ ռեսուրս, շուկա թե արդյունավետություն փնտրող: Ներդրումներն իրենց հերթին կարևորվում են այն պարագայում, երբ գործարարները փորձեն ապահովել մասշտաբի էֆեկտ:


ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Նախատեսվում է աջակցություն «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող քաղաքացիների հմտությունների զարգացմանը՝ տարածքային ձեռներեցության կենտրոններ ձևավորելու և զարգացնելու միջոցով։ Բաց է մնում այն հարցը, թե ինչ հմտություններ են զարգացնելու և որքանով են դրանք նպաստելու այդ ապրանքների առաջմղմանը՝ հատկապես արտերկրում: Հարց է ծագել, թե արդյոք 24 մլն դրամ իրացման շրջանառությունից ավել շրջանառություն ունեցող ընկերությունները չեն մասնատի բիզնեսը՝ ազատվելու շրջանառության և եկամտային հարկերից:


Կառավարությունը կարևորելու է նաև ՓՄՁ-ի խոշորացմանն ուղղված այլ խթանների համակարգի զարգացումը, սակայն այստեղ հստակ չէ ինչ մեխանիզմներով է դա անելու և ինչպիսի ազդեցություն դա կունենա տնտեսության վրա։ Չեն նշվում նաև փոքր և միջին բիզնեսի պարագայում առաջարկվող աջակցության մեխանիզմները:


ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Բացակայում է փուլային նկարագիր, թե յուրաքանչյուր ոլորտ ինչ զարգացման սցենարով է գնալու:


ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարության ծրագրում շատ հպանցիկ է ներկայացված համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և երկիրն առավել գրավիչ դարձնելու տեսլականը: Մենք կարծում ենք, որ ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը և Հայաստանում կայուն տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է հստակ ընդգծել ՍԵԿՏ (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական) համակարգի ներդրման հրատապությունը, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ճշգրիտ վիճակագրության վարմանը՝ նպաստելով Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը և զարգացման խթանմանը:

Ընդհանուր առմամբ պարզ է դառնում, որ կառավարությունը որդեգրել է արտահանմանը միտված տնտեսական աճի ապահովման սցենարը, որը պետք է լինի ներառական և իր հերթին հանգեցնի բարձր ՀՆԱ-ի աճի տեմպերի: Սակայն արդեն գործողությունների և միջոցառումների իրականացման տեսանկյունից հստակ չի նշվում, թե որ ժամանակահատվածում կառավարությունը ինչ առաջնահերթություններով է շարժվելու:


Սակայն մի կողմ դնելով բազմիցս քննարկման առարկա դարձած թվերի բացակայությունը, մենք խնդիրը տեսնում ենք յուրաքանչյուր ժամանակահատվածում (կարճաժամկետ, միջնաժամկետ) տարբեր ոլորտներին վերաբերող հստակ մշակված միջոցառումների հաջորդականության բացակայության մեջ»: