10.07.2025
Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել գույքեր, դրամական միջոցներ
prev Նախորդ նորություն

Իշխանությունը հիմա էլ Կրկեսի շենքն է ուզում խլել Սամվել Կարապետյանից

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այս մասին գրում է Hetq-ը:


Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին:


Նշենք, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ. մարտին: Ընկերության 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը:


Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է լուծել Պետգույքի կառավարման կոմիտեի և գնորդի միջև 2006թ. փետրվարի 14-ին կնքված պետական գույքի օտարման, նույն տարվա հունիսի 22-ին նոտարական վավերացմամբ կնքված ներդրման պայմանագիրը, դեկտեմբերի 8-ին կնքված գրավի պայմանագրերը: Կոմիտեն պահանջում է լուծել նաև կողմերի միջև 2011թ. օգոստոսի 13-ին կնքված պայմանագիրը և որպես այդ պայմանագրերի լուծման հետևանք՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070քմ մակերեսով անշարժ գույքի, 180.9քմ մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0.57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։


Պահանջ է դրվել նաև նշված անշարժ գույքերը բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ դրանց նկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։


Հիշեցնենք՝ 2011թ. սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները՝ նախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հին շենքը քանդել և կառուցել նորը: 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով:


«Երևանյան կրկես» ընկերության տնօրենը 2012թ. նամակով դիմել է Կառավարություն՝ խնդրելով երկարաձգել նախագծի ավարտը մինչև 2015թ., ինչին Կառավարությունը համաձայնել է, սակայն մինչ օրս կրկեսը շահագործման չի հանձնվել: Արտաքուստ նոր շենքը կանգուն է, սակայն շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն:


Նշենք, որ Կարապետյաններն ու նրանց պատկանող ընկերությունները իրավապահների ու պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ 2025թ. հունիսի 17-ին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը news.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։


«Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- նշել էր Ս. Կարապետյանը:


Այս հարցազրույցից հետո Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Նա 2 ամսով կալանավորվել է:


Հուլիսի 2-ին իրավապահները խուզարկեցին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակը։ Իսկ հուլիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի երևանյան տանը քննչական գործողություններ են իրականացվել։ Իրավապահները նման գործողություններ իրականացրել են նայ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում։


Նարեկ Կարապետյանը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է։

Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ