Ռուսաստանի քաղաքացիների համար Ադրբեջանում մնալը դառնում է վտանգավոր. Կոնստանտին Զատուլին
Լուսանկարը` zatulin.ru
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը զգուշացնում է, որ Ադրբեջանի գործողությունները՝ ուղղված Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալություններին, կարող են հանգեցնել հարաբերությունների սրմանը։ Նա խորհուրդ է տալիս ռուսներին ժամանակավորապես խուսափել Ադրբեջան մեկնելուց։
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները հասել են վերջին տարիների ամենաբարձր լարման կետին։ Lenta.ru-ին տված հարցազրույցում ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշել է, որ ապագա զարգացումները կախված են երկկողմ դիվանագիտական ջանքերից, սակայն ներկա պայմաններում Բաքվի գործողություններն անհանգստացնող են։
«Ադրբեջանի ներկայիս քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները, վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Այս պայմաններում դժվար է երաշխավորել նրանց անվտանգությունը, ովքեր այցելում են երկիր՝ լինի դա զբոսաշրջային, աշխատանքային կամ այլ նպատակներով», – ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ եթե Բաքուն շարունակի բռնել մարդկանց, ովքեր որևէ առնչություն չունեն ո՛չ ինքնաթիռի վթարի գործին, ո՛չ էլ ենթադրյալ մաֆիոզ խմբերին, ապա Ռուսաստանը ստիպված կլինի բացահայտ կերպով հորդորել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այդ երկիր մեկնելուց։
Զատուլինը չի բացառել հարաբերությունների հետագա սրումը՝ նշելով, որ հնարավոր են բոլոր զարգացումները՝ դիվանագիտական հանգուցալուծումից մինչև նոր ճգնաժամ։
Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը սրվեց 2025 թ. հունիսին՝ Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցի քրեական հեղինակությունների ձերբակալությունից հետո։ Ադրբեջանը դա ընկալեց որպես ուղերձ, որում քաղաքական ենթատեքստ կար։ Դրանից կարճ ժամանակ անց Բաքվում սկսվեցին ռուս քաղաքացիների ձերբակալություններ, որոշների՝ լրագրողների կամ գործարարների նկատմամբ՝ առանց հստակ հիմնավորումների։ Այդ քայլերը ուղեկցվեցին հակառուսական քարոզչությամբ և ռուս-ադրբեջանական դիվանագիտական փոխադարձ մեղադրանքներով։
Մոսկվայում սկսեցին կասկածի տակ դնել Ադրբեջանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ՝ հավատարիմ և կանխատեսելի լինելու հանգամանքը՝ հատկապես Թուրքիայի և Արևմուտքի հետ խորացող համագործակցության ֆոնին։