«Աշխատանքները ընթանում են լայն թափով». նախարարը՝ Սյունիքի ճանապարհաշինական ծրագրերի մասին
Լուսանկարը` Syunik24
Սյունիքի մարզում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ՝ ներառյալ Հյուսիս-հարավի Քաջարան–Ագարակ հատվածի կառուցումը, թունելների ու կամուրջների կառուցում, ինչպես նաև Նռնաձորը Մեղրիին և Ագարակին կապող նոր մայրուղու կառուցումը։
Հուլիսի 10-ի կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ շինարարությունն ընթանում է մեծ թափով։ Քաջարանից դեպի Ագարակ Հյուսիս-հարավ մայրուղու հատվածում աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Արդեն ավարտվել են առաջին թունելի փորման աշխատանքները, իսկ շուտով կմեկնարկի նաև երկրորդ թունելի կառուցումը։ Նախագծում ներառված են նաև ուղեանցերի և կամուրջների կառուցում։
Բացի միջազգային գործընկերներից, ծրագրերին ներգրավված են նաև տեղական ընկերություններ։ Ասֆալտապատման պատրաստվում են Խնձորեսկ տանող ճանապարհը և Խոտ–Որոտան հատվածը։
Նախարարը նաև հատուկ անդրադարձավ Ագարակից դեպի Նռնաձոր նոր կառուցվող ճանապարհին։ Նրա խոսքով՝ նախկինում այդ հատվածում երթևեկությունը ապահովում էր գրունտային ճանապարհ, որն առաջացել էր երկաթգծի ապամոնտաժումից հետո և ամբողջությամբ չէր համապատասխանում տրանսպորտային պահանջներին։
Նախագծի իրականացման միայն առաջին փուլի համար կառավարությունը հատկացրել է 2.5 միլիարդ դրամ՝ կարևորելով Սյունիքի ճանապարհային հասանելիության զարգացումը և բնակավայրերի միջև լիարժեք կապի ապահովումը։