Գորիսում կառուցվելու է COAF սմարթ կենտրոն և գյուղատնտեսական համալիր
Լուսանկարը` worldarchitecture.org
Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կառուցելու է կրթական COAF սմարթ կենտրոն և ժամանակակից գյուղատնտեսական համալիր՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների, պատանիների և երիտասարդների կարողությունները։
Հուլիսի 10-ին կայացած կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 57.7 հեկտար տարածք նվիրաբերվելու է հիմնադրամին՝ առանց փոխհատուցման։ Նոր նախաձեռնության շրջանակում կկառուցվեն սմարթ կենտրոն և COAF Smart Farm համալիրը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ այս ծրագիրը տարիներ շարունակ մշակվել է գործընկերների հետ, և այժմ այն անցել է իրագործման կոնկրետ փուլ՝ հողատարածքի հատկացմամբ։
«Այս կենտրոնը մի քանի հազար երեխայի ու պատանու հնարավորություն կտա զարգացնել տեխնոլոգիական, ստեղծագործական ու գեղարվեստական հմտությունները՝ սկսած 3 տարեկանից։ Իսկ 18-ից բարձր երիտասարդների համար ստեղծվելու են մասնագիտական ուսուցման հարթակներ։ Սա լինելու է ամբողջական համակարգ՝ կրթական շղթա նախադպրոցականից մինչև մասնագիտական ուսուցում՝ նոր հնարավորություններ ստեղծելով Գորիսի երեխաների և երիտասարդների համար», — նշեց նախարարը։