10.07.2025
Լուսանկարը` armenpress.am
prev Նախորդ նորություն

Գինի, մշակութ, առողջարան․ Հայաստանը ձևավորում է 7 նոր զբոսաշրջային կենտրոններ

Լուսանկարը` newviewtravel.ru
Լուսանկարը` newviewtravel.ru

ՀՀ կառավարությունը մեկնարկել է զբոսաշրջային ոլորտի խոշոր ծրագիր՝ մինչև 2030 թվականը զարգացնելու նպատակով Արենիի, Դիլիջանի, Դվինի, Գյումրիի, Ջերմուկի, Գորիսի և Եղեգիսի զբոսաշրջային կլաստերները՝ ընդգրկելով մշակութային, առողջարանային, արկածային, կրթական և էկոզբոսաշրջության ուղղությունները։


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կառավարության նիստում հայտնեց, որ Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվելու է վարկային համաձայնագիր՝ 120 մլն 500 հազար եվրոյի ներդրումային փաթեթով, որից 24 մլն 100 հազարը կուղղվի ՀՀ կառավարության կողմից։


Ծրագրի նպատակն է զբոսաշրջային յոթ կենտրոնների միջոցով խթանել մարզերի զարգացումը՝ ստեղծելով հարմար ենթակառուցվածքներ, զարգացնելով հյուրանոցային ու սննդի ծառայությունները, զբոսաշրջային երթուղիներն ու նոր տուրիստական կետերը։ Արենիում, օրինակ, նախատեսվում է ճանապարհային ցանցի արդիականացում, զբոսաշրջիկների համար արահետների, հյուրանոցների, ռեստորանների, մշակութային կենտրոնների զարգացում։


Գյումրին, որի այցերը տարեկան անցնում են 100 հազարը, կենտրոնանալու է իր ավանդական արհեստների ու ճարտարապետական ժառանգության վրա՝ վերականգնելով շուկաները, ստեղծելով արհեստավորների դպրոց, վերանորոգելով պատմական շենքեր։


Դիլիջանը՝ իր 250 հազարից ավելի տարեկան այցելուներով, կդառնա հետիոտնային ու կանաչ գոտիների, ճոպանուղու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման կիզակետ։ Դվինը կմշակվի որպես հնագիտական ուղղություն՝ թանգարանային համալիրով և գիտահետազոտական կենտրոնով։


Ջերմուկը, իր 40-ից ավել ջերմ աղբյուրներով, կվերադարձնի իր դիրքը որպես միջազգային առողջարան՝ վերանորոգելով ենթակառուցվածքները և ապահովելով հարմարավետություն։ Գորիսը կկենտրոնանա իր մշակութային միջավայրի պահպանման վրա՝ ստեղծելով թեմատիկ երթուղիներ և զբոսաշրջային բրենդ։ Եղեգիսում շեշտը դրվելու է պատմամշակութային փառատոնների, ցուցահանդեսների ու ճանապարհային ենթակառուցվածքների վրա։


Այս նախաձեռնությունը միտված է ոչ միայն զբոսաշրջային հոսքերի աճին, այլև երկարաժամկետ տնտեսական զարգացում ապահովելուն մարզերում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, խթանելով տեղական բիզնեսը և պահպանելով ժառանգությունը։

Լուսանկարը` worldarchitecture.org
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ