Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ
Լուսանկարը` primeminister.am
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հանդիպում՝ խաղաղության գործընթացի շրջանակում։ Նա հունիսի 26-ին կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է երկխոսության և խաղաղ պայմանագրի ստորագրման։
«Խաղաղության գործընթացը պահանջում է հանդիպում», — նշել է փոխնախարարը՝ շեշտելով Հայաստանի կառուցողական մոտեցումը։
Կոստանյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որով Հայաստանը բնութագրվել է որպես «ռազմական հանցագործ պետություն»։ Փոխնախարարի խոսքով՝ նման արտահայտությունները հակառակ ազդեցություն են ունենում բանակցային մթնոլորտի վրա և խոչընդոտում կառուցողական առաջընթացին։
Անդրադառնալով Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, Կոստանյանը նշել է, որ այնտեղ ընդունված ձևակերպումները՝ ներկայացված Ադրբեջանի կողմից, ուղղակիորեն մեղադրական բնույթ ունեն Հայաստանի հասցեին։ Դրանք ներառում են կոչեր՝ վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող իրավական ու քաղաքական խոչընդոտները, ինչպես նաև հաստատում են «արևմտյան Ադրբեջանի համայնքի»՝ Հայաստան վերադառնալու «իրավունքը»։
Կոստանյանը նման ձևակերպումները որակել է ոչ կառուցողական և տեղեկացրել, որ Հայաստանը քննարկումներ է սկսել ԻՀԿ մի շարք անդամ պետությունների հետ։ Ըստ նրա՝ դրանցից մի քանիսը հայտնել են, որ այդ փաստաթղթի ձևակերպումները չեն արտահայտում իրենց պաշտոնական դիրքորոշումը։
Վերջում փոխնախարարը անդրադարձել է նաև Թուրքիայի դերակատարմանը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական կողմը երկու երկրներին ուղղված բավականին դրական ազդակներ է հաղորդել՝ հատկապես խաղաղության գործընթացի համատեքստում։