ՀՖՖ-ում կրճատումներ են․ վատ արդյունքների մեղքն աշխատակազմի վրա են բարդում
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից դժգոհությունները ոչ միայն հայկական ֆուտբոլի երկրպագուների կողմից է, այլ նաեւ ներսում է դժգոհություն կուտակվել եւ լարված իրավիճակ ստեղծվել։
Հրապարակը տեղեկացավ, որ հուլիսի 3-ին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հավաքել է աշխատակազմին, այդ թվում` բժիշկներին, եւ նախազգուշացրել է, որ աշխատանքից ոմանք կազատվեն, քանի որ վատ են աշխատում։ Ազատումների մասին շշուկներ արդեն մեկ ամիս է աշխատակիցները լսում են։ Բայց հիմա առավել պարզորոշ է դարձել և այսօր, ըստ լուրերի, մոտ 10-15 աշխատակցի հարցն է լուծվելու:
Ըստ աղբյուրի՝ ՀՖՖ ղեկավարությունը հաճախ է խոսում աշխատակիցների թերի ու վատ աշխատանքի մասին, փորձելով տպավորություն ստեղծել, թե ՀՖՖ աշխատակազմն է թերանում, այլ ոչ թե ղեկավարությունը:
"Մինչդեռ հենց ղեկավարներն են հայկական ֆուտբոլի մակարդակը իջեցրել շրիշակից էլ ցածր, եւ ամեն ֆուտբոլային հանդիպում ավարտվում է մեր թիմերի պարտությամբ։ Էլ չենք ասում ՖԱՖ-ի ակցիաների, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հեռացման պահանջների մասին։
«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն վերցնել ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանից, բայց նա խիստ զայրացավ, որ «համարձակվել» են «նորին գերազանցությանն» անհանգստացնել և ասաց` դիմենք մեդիա բաժնին, ՀՖՖ խոսնակն էլ 3 օր շարունակ մեր զանգերին ու նամակին չի պատասխանում",- գրում է թերթը: