23.12.2024
Երկու տարվա ընդմիջումից հետո ԱԱԽ-ն նոր քարտուղար ունի
06.06.2016
Երկու տարվա ընդմիջումից հետո ԱԱԽ-ն նոր քարտուղար ունի

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը 2014 թվականին հրաժարական էր տվել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնից մասնավոր սեկտորում աշխատելու հեռանկարով: Այնուհետեւ 2015 թ.-ի հկտեմբերից նա գլխավորեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը, սակայն աշխատանքի վայրում գրեթե չի եղել, քանի որ այդ ընթացքում ակադեմիական արձակուրդում է գտնվել: Հատկանշական է, որ Գեւորգյանի կարիերան ամբողջությամբ կապվում է երկրորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Նա մի մարդ է, որ 1997 թվականին՝ Քոչարյանի վարչապետ նշանակվելուց հետո, մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը, այսինքն՝ այն ժամանակները, երբ Քոչարյանը հեռացավ նախագահական նստավայրից, ամենօրյա ռեժիմով աշխատել, շփվել է նրա հետ: Սկզբում եղել է նրա օգնականը, հետո, երբ Քոչարյանը տեղափոխվել է նախագահի նստավայր՝ նրա առաջին օգնականը, իսկ 2006 թվականի փետրվարին, երբ Քոչարյանն աշխատանքից հանեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին, Գեւորգյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար», - գրում է «Հայկական ժամանակ» թերթը: Ուստի կարելի է ասել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Արմեն Գեւորգյանը եղել է նրա ամենավստահելի մարդկանցից մեկը: 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց նախագահի պաշտոնում, Արմեն Գեւորգյանը նշանակվեց փոխվարչապետ: «Այս նշանակումը ուներ կոնկրետ քաղաքական իմաստ. նա՝ որպես իշխանական կուլիսների ամենաքաջատեղյակ անձնավորություն, փոխվարչապետի պաշտոնում պետք է ապահովեր Քոչարյանից-Սարգսյան իշխանության փոխանցման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները: Խորքում հենց այս նրբության հետ պիտի կապված լինի նաեւ Գեւորգյանի հրաժարականը: Նա, թերեւս, արեց իր անելիքը, որից հետո մի տեսակ դուրս մնաց իշխանական համատեքստից», - նշում է թերթը: Այժմ Արմեն Գեւորգյանին նշանակվում են Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնումը, որն ավելի քան երկու տարի է թափուր էր ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո: «Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարի պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում: Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար և նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսևորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,-ասել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանը: Նշելով, որ արդեն հասցրել է ծանոթանալ իր գործընկերների մի մասի հետ և համոզված է, որ Խորհուրդը կարող կառույց է, ՀՀ ԱԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ նրանց հետ միասին կփորձի անել ամեն հնարավորը՝ պարտաճանաչորեն և բարձր որակով իրականացնելու Խորհրդի առջև դրված պարտականությունները: