VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում խիստ լարվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները: Ծառուկյանը, որը մինչեւ վերջերս իր անվերապահ աջակցությունն էր հայտնում Փաշինյանի կառավարությանը, մերձավոր շրջապատում սկսել է բողոքել նոր իշխանություններից, եւ նույնիսկ հայտարարել, որ եթե նրանք շարունակեն այս նույն գործելաոճը, ապա մինչեւ աշուն դժվար էլ դիմանան»:
«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Գերմանիա: Նախատեսվող այցն արդեն դարձել է զանազան վերլուծությունների առարկա: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գրեթե նույն օրերին Բեռլինում է գտնվելու նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատկառելի պատվիրակություն՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի եւ Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Այցը տեղի է ունենալու գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով, որը հանդիսանում է Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միության ուղեղային կենտրոնը: Հաշվի առնելով եվրոպական քաղաքականության նրբերանգները՝ բոլորովին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ՝ գերմանական կողմն ընդունելություն է նախապատրաստել նաեւ հանրապետականների համար: Սա մի կողմից՝ ՀՀԿ միջազգային ակտիվ կապերի արդյունք է, ինչի ականատեսն ենք եղել տարիներ շարունակ: Մյուս կողմից՝ կարող է դիտվել նաեւ՝ որպես Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքման մեջ հանրապետականների անուրանալի դերի գնահատական: Սակայն ամենահատկանշականն այն է, որ թեպետ ՀՀԿ-ն այլեւս արտախորհրդարանական ուժ է, սակայն մոռացված չէ իր ազդեցիկ եվրոպական գործընկերների կողմից եւ, փաստորեն, դիտվում է՝ որպես Նիկոլ Փաշինյանին իրական հակակշիռ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունում դիրքային պայքար է ընթանում՝ լիդերները փորձում են յուրայինների թիմ ձեւավորել։ Առաջին «թայֆան», իհարկե, Արարատ Միրզոյանինն է՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյան, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյան։ Այս խումբը հավակնում է «Իմ քայլի» էլիտան լինելու։ Երկրորդ խումբը լրագրողներն են, որոնց վրա է դրված ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ շփվելու գործը։ Մյուսը` Սասուն Միքայելյանի կողմնակիցներն են՝ նրան տարիքով մոտ Հովհաննես Իգիթյանը, Անդրանիկ Քոչարյանը, նաեւ իր սանիկ Թագուհի Թովմասյանը։ Իսկ անվանական բաճկոն կրող Հայկ Սարգսյանը, ասում են, Փաշինյանի «աչքն ու ականջն» է ԱԺ-ում, ումից զգուշանում են, քանի որ բոլորին «կոնտրոլի» տակ է պահում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունները հայտնվել են կադրային այնպիսի վակուումում, որ մնացել են հին Հայաստանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է: Կոստանյանը լինելով գիտությունների դոկտոր՝ քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սակայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետեւ շատ կարճ ժամանակ անց նա կա՛մ կզբաղեցնի ՀՔԾ պետի, կա՛մ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Ի դեպ, Կոստանյանը վերջերս մամուլում հարցազրույց էր տվել եւ հայտարարել, որ Ադրբեջանը 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստում Հայաստանի դեմ՝ թերեւս ակնարկելով, որ եվրոպական դատարաններում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու փորձ ունի, եւ կարող է այս հարցում եւս օգտակար լինել իշխանություններին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, որը մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը, համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում, որն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ Մասնավորապես աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողները այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։ Սանիկներից էլ Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։ Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո շատ քննարկվեց բանակի ներգրվվածության հարցը 2008-ի մարտի մեկի ողբերգական իրադարձության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք հարցերի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արամ Խաչատրյանի հետ, որը 2004-2009թվականներին եղել է գումարտակի շտաբի պետ, մայոր: Վերջինս որպես զինվորական անմիջական մասնակցություն է ունցել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ: Նա թերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություններ է արել: «Այո: Ես պարզ կարող եմ ասել, որ բանակը ներգրավված է եղել եւ իր մասնկացությունն է ունեցել այդ օրերին: Կադրերում է ակնհայտ երեւում է, որ բանակը ներգրավված է եղել»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործով որոշում է կայացրել դրվագներից մեկն առանձնացնելու եւ մեղադրական եզրակացությամբ այն դատարան ուղարկելու մասին: «Թե ո՞ր դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել ու գործը դատարան ուղարկվելու, մեզ ճշտել չհաջողվեց: Կարելի է միայն ենթադրություններ անել, որ գործը հիմնական դրվագներին, հիմնական մեղադրյալներին չի առնչվում, այլ կարող է կապված լինել «հարակից» դրվագների հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի գլխին նոր մարտահրավեր է կախվում։ Տեղեկություն կա, որ վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են գնում ադրբեջանական ընկերության եւ Կովկասում ինտերնետ մատակարարող Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի միջեւ՝ 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման շուրջ։ Այս գործարքի արդյունքում Հայաստանում մինիմում տրաֆիկի վերահսկողություն կիրականացվի, Ադրբեջանը հետախուզական աշխատանքներ կսկսի համացանցի միջոցով, իսկ մաքսիմում պլանում՝ կկարողանա Հայաստանը շատ արագ զրկել կապից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայրենի կառավարությունում դեռեւս լրջորեն մտահոգված չեն այս հարցով, ու կանխարգելիչ քայլեր մինչ այս պահը չեն եղել։ Ի դեպ, մասնագետների հավաստմամբ՝ Հայաստանի համար այլընտրանքային ինտերնետ-պրովայդեր այս պահին գրեթե չկա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։ 5-6 ամիս է՝ Երեւանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան։ Մենք տեղեկացանք, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան եւ արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։ Ընկերության փոխտնօրենի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը»: