26.11.2024
Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն ՀՀ-ից Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների պատշաճ հետաքննություն է ակնկալում

Եվրամիությունը Հայաստանի իշխանություններից հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների պատշաճ հետաքննություն է ակնկալում: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Նրա խոսքով, ԵՄ-ն հանձնառու է ցանկացած հանգամանքներում դաժան վերաբերմունքի եւ մարդկային արժանապատվության պահպանմանը: Այս համատեքստում ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը կապահովի այս գործի պատշաճ հետաքննությունը եւ հետաքննությունից հետո միջոցներ կձեռնարկի:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը մահացել էր 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո: Առավոտյան արձանագրվել էր 51-ամյա Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացում, հրավիրված շտապօգնության խումբը արձանագրել էր տղամարդու կենսաբանական մահը: ՔԿՀ-ն ավելի ուշ հայտնել էր, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի ինֆարկտը:

Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: