27.11.2024
Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից. նախարար
prev Նախորդ նորություն

Արցախում ռազմական էլիտան կտրուկ դեմ է Ադրբեջանին որևէ տարածքային զիջումների

Արցախի համար չի կարող ընդունելի լինել կարգավիճակի դիմաց տարածքներ զիջելու տարբերակը: Այս մասին«Եռաբլուր» պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:


Իր հերթին,ՊԲ նախկին հրամանատար, այժմ Արցախի ԱԻ նախարար Լևոն Մնացականյանը, պատասխանելով լրագրողների հարցին և անդրադառնալով «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևին՝ նկատել է. «Մենք մեր խնդիրը կատարել ենք, շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է։ Անկախությունը կճանաչեն, նոր դրանից հետո կխոսենք»։


Կարելի է նկատել, որ Արցախի նախկին և գործող զինվորականները, պատերազմի հերոսները, ովքեր ղարաբաղյան գոյամարտին ակտիվ մասնակցություն են ունեցել, այժմ էլ Արցախում զբաղեցնում են բավականին ազդեցիկ դիրքեր, չեն ընդունում Ադրբեջանին տարածքային զիջումների գնալու գաղափարը: Նրանց համար անընդունելի է զիջել ռազմավարական կարևորության անվտանգության գոտին `քաղաքական ինչ-որ անորոշ խոստումների դիմաց:


Արցախի անվտանգության մասին՝ միայն այսօրվա առկա սահմաններով, արտահայտվել է նաև Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով այժմ գտնվում է Արցախում: Նա ունի մեծ հեղինակություն թե՛ զորքերում, թե՛ զինվորական էլիտայի շրջանում, ինչպես նաև արցախյան հասարակության շրջանում:


Արցախյան հարցում միակողմանի զիջումների փորձը կարող է հանգեցնել ռազմական թևի կոնսոլիդացիայի, իսկ դա Արցախում նշանակում է մեծ խնդիրներ քաղաքական իշխանության համար:


Անթույլատրելի է խոսել տարածքային զիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանն ամեն օր նորանոր զենքեր է գնում և սպառնում է Արցախին պատերազմով, ինչպես նաև Երևանն ու Զանգեզուրն անվանում «պատմական ադրբեջանական տարածքներ»: Չի կարելի գնալ Բաքվին որևէ զիջումների այն պայմաններում, երբ նրանք հավակնություններ ունեն ոչ միայն ամբողջ Արցախի, այլև ՀՀ-ի մայրաքաղաք Երևանի, Սյունիքի մարզի և ՀՀ-ի այլ տարածքների նկատմամբ:


Արցախում ռազմական էլիտան միշտ էլ զբաղեցրել է կարևոր ու ազդեցիկ դիրքեր և քաղաքական էլիտան հաշվի է առել ռազմական թևի կարծիքն ու հեղինակությունը, որը նրանք վայելում են հասարակության շրջանում:


Ադրբեջանական սպառնալիքների ներքո միակողմանի զիջումների գնալը կամ մադրիդյան սկզբունքների կյանքի կոչումը, ինչը ենթադրում է 7 շրջանների ու ադրբեջանացի փախստականների վերադարձ, Արցախի ռազմական թևի կողմից կարող է ընկալվել որպես դավաճանություն: Ռազմական էլիտան կարող է իրականացնել իշխանափոխություն` Արցախի հասարակության մեծամասնությունը կկանգնի զինվորականների կողքին, քանի որ նրանք են ապահովում յուրաքանչուր արցախցու ֆիզիկական անվտանգությունը:


Եթե ՀՀ-ն շարունակի բանակցել մադրիդյան սկզբունքների շուրջ և որոշակի փուլում ստորագրի որևէ փաստաթուղթ, ապա Արցախն այն չի ընդունելու, եթե այդ փաստաթղթում հստակ չսահմանվի Արցախի անկախությունն ու անվտանգության բարձր մակարդակը: Ադրբեջանը երբեք չի ճանաչելու Արցախի անկախությունն ու բանակցություններն օգտագործում է հարձակմանն ավելի լավ նախապատրաստվելու համար:


Արցախը երբեք չի ընդունի այս կամ այն ձևաչափով Ադրբեջանի կազմ վերադառնալու առաջարկությունը, իսկ ՀՀ-ի կողմից Արցախին որևէ զիջում պարտադրելը կարող է Հայաստանում հանգեցնել իշխանափոխության` հասարակության լայն շրջանների ու արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի մասնակցությամբ:


Արցախի հարցը համազգային հարց է, այն սոցիալական կամ ներքաղաքական չէ, և այդ հարցում զիջումների գնալը կամ Արցախին ստիպելը գնալ զիջումների կհանգեցնի համազգային ապստամբության: Դա քաղաքական ինքնասպանություն է ՀՀ ցանկացած իշխանության համար: