ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն: Այս մասին հունվարի 28-ին տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ խոսելով կազմակերպության՝ ժամանակին համընթաց քայլելու եւ դրա ոգուն համապատասխան տրանսֆորմացվելու մասին:
Հայաստանը, նկատեց նա, այժմ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է եւ պետության սահմանների կեսը փակ են: Չնայած դրան, հավելեց բանախոսը, հայ գործարարները`Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո, իրենց ապրանքների արտահանման տարբերակներ գտնում են: «Այս համատեքստում, մենք իհարկե, մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք, քանի որ նրանք առավելագույնս օգտագործում են ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները»,- ասաց տիկին Վալովայան:
Նրա խոսքով, ընդհանուր առմամաբ ԵԱՏՄ-ի համար 2018 թվականը բարենպաստ է եղել: «ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրանքն աճել են: Բայց անդամ երկրներում աճը էապես գերազանցում է միության ցուցանիշներին», - ասաց նա՝ ասելով, որ առաջատար եռյակը գլխավորում է Հայաստանը, հետո Բելառուսն է, ապա Ղազախստանը: «Հանձնաժողովի գնահատականով՝ ներքին համախառն արդյունքի տեմպով հասել ենք 1.9 տոկոս աճի: Բայց շատ կարեւոր է, որ որոշ պետությունների դեպքում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է. Հայաստանում 6.2 տոկոս է, Բելառուսում՝ 3.7 տոկոս, Ղազախստանում՝ 4 տոկոս», - ընդգծեց նա:
Այս ցուցանիշներն, նախարարի խոսքով, արտացոլում են այն ազդեցությունը, որը պետությունները ստանում են ինտեգրացիայի արդյունքում: Վալավայան նաեւ նկատեց, որ արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով էլ անդամ պետություններից որոշները գերազանցում են կազմակերպության միջինացված ցուցանիշը:
«Եթե ամբողջ միության համար արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 3.2 տոկոս, ապա Բելառուսում 6.1 տոկոս, Ղազախստանում՝ 4.5 տոկոս, Ղրղըզստանում 4.9 տոկոս, Հայաստանում՝ 4.1 տոկոս: Այս պարագայում էլ երկրների մեծ մասի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշներին», - ասաց նա՝ հիշեցնելով, որ անցյալ տարի, մայիսին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ինտեգրման խորացման հռչակագիրը ստորագրեցին:
Ըստ նրա, արագ փոփոխվող այս աշխարհում, 2014-ի համաձայնություններից շատերն այլեւս հնացած էին, ԵԱՏՄ-ն նաեւ ժամանակին համընթաց պետք է քայլի: Տիկին Վալովայան կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն: Ղրղըզստանի տաղավարից հարց էր հնչել` ինչո՞ւ է անդամ երկրներում ներկրումը շարունակում գերազանցել արտահանմանը, մինչդեռ ակնկալվում էր հակառակը: