Արմեն Գևորգյանը չի կալանավորվի
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի կալանավորվի: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց անձամբ Գևորգյանը՝ Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
Սա նշանակում է, որ երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
«Ես չեմ կալանավորվի և այս պահին պետք է գնամ աշխատանքի։ Մեր ընկերությունում շատ հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու, այդ թվում՝ ներդրումային», - ասաց Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը, սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:
Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:
Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: