23.12.2024
Քոչարյան. Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական սպառազինման պայմանագրերի իրագործումը
01.06.2016
Քոչարյան. Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական սպառազինման պայմանագրերի իրագործումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին, որում անդրադարձել է ապրիլյան պատերազմին: Նրա խոսքով՝ Բաքվի՝ մի քանի տարի շարունակվող ռազմական կարողությունների ավելացումը և ռազմաշունչ հռետորաբանությունը վերածվեցին պրակտիկ գործողությունների. դիվերսիոն ակտիվությունից անցում կատարվեց դեպի խնդրի ռազմական լուծման ճանապարհ: «Ամենից հավանականն այն է, որ Ադրբեջանում թերագնահատեցին ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտունակությունը, ինչպես նաև` ագրեսիային դիմագրավելու Արցախի և Հայաստանի բնակչության պատրաստակամությունը: Սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մասշտաբը, ըստ ամենայնի, անընդունելի էին դառնում Բաքվի համար, և պատերազմը կանգնեցվեց»,- նշել է նա: Ռոբերտ Քոչարյանը խուսափել է տեղի ունեցածը գնահատել որպես հաղթանակ կամ պարտություն: Ադրբեջանական զորքերը, ըստ Քոչարյանի, գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին, ասել է թե՝ ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է: «Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են: Այնպես որ, բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել: Սակայն, ակնհայտ դարձավ, որ նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա և սա կարող է իրապես խթանել սառեցված բանակցային գործընթացը»,- նշել է նա: Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ պատերազմը կարճ էր և կողմերը չհյուծեցին իրենց պոտենցիալը, այդ պատճառով վերականգնվելու համար հատուկ ինչ-որ ժամանակ պետք չէ: Հարցն այն է, թե Ադրբեջանը որքանո՞վ սթափ կգնահատի տեղի ունեցածը և որքանով է նա պատրաստ ծանր ու երկարատև պատերազմի: «Կարծում եմ, որ եթե Բաքուն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից: Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով՝ գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով: Հասարակության ցավագին արձագանքն այստեղ հասկանալի է: Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը /մինչև Բաքվի և Մոսկվայի միջև 2011թ.-ին կնքված պայմանագրի իրագործումը կողմերի միջև սպառազինության որակի առումով հավասարակշռությունը պահպանվել է/»: Սակայն, շարունակել է Քոչարյանը, պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Նրա կարծիքով, ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև: Նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումները Բաքվին խախտեցին բալանսը, զգալիորեն մեծացնելով այդպիսի սցենարի հավանականությունը: Հարցին՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ և կարելի՞ էր արդյոք խուսափել իրադարձությունների այդպիսի զարգացումից, ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ այս հարցերը դեռ երկար ժամանակ բանավեճերի, ենթադրությունների ու սպեկուլյացիաների առարկա կլինեն: Բայց Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: «Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետևողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, և ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց: Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր և միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների և զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են: Բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա, այլ ոչ թե «ազգովի», ինչպես Ղարաբաղյան շարժման ամենասկզբում էր: Կամավորները պետք է ռազմաճակատ մեկնեն ոչ թե ինքնաբուխ կերպով, այլ ուղարկվեն զորամասեր զինկոմիսարիատների կողմից՝ ռազմական մասնագիտությանը համապատասխան: 90-ականների սկզբին ֆիդայական շարժումը կոմպենսացնում էր երիտասարդ պետական ինստիտուտների թուլությունը: Բայց Անկախության 25-րդ տարում քաղաքացիների հայրենասիրական պոռթկումը պետք է ամրանա իշխանության համապատասխան մարմինների կոմպետենտությամբ և կազմակերպչական ներուժով: Պատերազմել հաջողությամբ այլ կերպ պարզապես հնարավոր չէ»,- շեշտել է Քոչարյանը: Անդրադառնալով իր երկար լռությանը այս թեմայի շուրջ, նախկին նախագահն ասել է, որ լոզունգներով կամ կիսատ-պռատ խոսելու ցանկություն չուներ, նախագահի հետ էլ հանդիպում չի նախաձեռնել, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների: Բայց մշտական կապի մեջ է եղել ԼՂՀ ղեկավարության հետ. այնտեղ էին այն ժամանակ ընդունվում բոլոր որոշումները: «Եթե պատերազմը ձգվեր, իհարկե, կգնայի Ղարաբաղ, ընդ որում՝ տևական ժամանակով , առանց տեսախցիկների ու սելֆիների»,- հավաստիացրել է Քոչարյանը: Ինչ վերաբերում է հարցերին, թե արդյոք Հայաստանը չպետք է վերանայի ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում իր մասնակցության ձևաչափը, ՀՀ երկրորդ նախագահը, նախ, նշել է, որ ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը Հայաստանը չի փոխի, բայց լուրջ հետևություններ անել պարտավոր է: «Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն և առանձին շաղկապվածությամբ: Որևէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ղազախստանի ձևավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, և դա չի կարելի հաշվի չառնել»: Քոչարյանը չի անտեսել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը պետական ապարատում կրճատումներ կատարելու, մենաշնորհների և կաշառակերության դեմ պայքար սկսելու մասին: Նրա խոսքով՝ վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: «Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրըները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը: