Մամուլ. ՀՀԿ-ի ներսում 2018-ին իշխանության ղե­կին մնալու պայքար է ընթանում

1224

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «2018 թվա­կանը դեռ չսկսված՝ վարչապետ Կարեն Կա­րապետյանը եկող տարվա համար 14 կե­տից բաղկացած հանձնարա­րականներ է տվել մարզպետնե­րին: Նա պատվիրել է մինչև տարեվերջ մշակել ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներ­կայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն իր կողմից առաջադրված 14 ուղղություն­ները կամ ցուցանիշները: Գուցե Կարապետյանն այդ նախա­ձեռնությամբ դեմ է դուրս գալիս իր իսկ կուսակցությանը՝ մարզպետների մոտ փոխելով առաջնահերթությունները: Ամեն դեպ­քում ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ներսում 2018-ին իշխանության ղե­կին մնալու պայքարն ընթանում է նաև հանձնարարականների մակարդակով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բոլոր երեք նախագահների իշխանությունը ձեւավորվել է ղարաբաղյան շարժման հիմքով: Խնդիրը միայն այն չէ, որ հանրապետության բոլոր երեք նախագահները տարբեր կարգավիճակներով մասնակցություն են ունեցել ղարաբաղյան շարժմանը: Ավելի էական է այն հանգամանքը, որ իշխանությունների ձեւավորման հիմքում եղել է Արցախի խնդիրը ու նաեւ այդ հարցն է եղել նրանց գործունեության գնահատման չափանիշը:


Կարծիք կա, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեով ու Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտով ավարտվում է, այսպես կոչված, 88-ի էլիտայի շրջանը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի նախաձեռնած համակարգային տրանսֆորմացիան իրապես պատմական է ու գուցե Սերժ Սարգսյանը հենց դա նկատի ունի, երբ տարբեր առիթներով հասկացնում է, թե շատերը տակավին չեն գիտակցում կատարվող փոփոխությունների խորքային իմաստը:


Համենայն դեպս, Հայաստանի առաջին երկու նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոչ միայն հասկացել են 88-ի շարժման սերնդի առաքելության ավարտի հանգամանքն, այլ, ըստ էության, համակերպվել են քաղաքական թոշակառուի իրենց կարգավիճակի հետ:


Տրամաբանական կլիներ, իհարկե, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին միանար իր երկու գործընկերներին, սակայն դա, ըստ ամենայնի, տեղի չի ունենա` մի քանի օբյեկտիվ պատճառներով: Նախ` Մանվել Գրիգորյանի ձեւակերպմամբ` «վերջին բոլշեւիկը» պետք է որոշակի տրամաբանական հանգրվանի հասցնի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը եւ հետո` նա պետք է ձեւակերպի նոր իշխանության, նույնիսկ` մի քանի տասնամյակների համար` իշխանությունների ձեւավորման եւ գործունեության, այսպես կոչված, մոտիվացիոն հիմքը: Այլ խոսքով` Սերժ Սարգսյանը հավակնում է դառնալ 88-ի շարժման եւ հետշարժումային էլիտայի կամուրջը` դրանով էլ ընդգծելով իր կերպարի պատմականությունը: Դա ինչքանով կհաջողվի Սերժ Սարգսյանին` ցույց կտա ժամանակը:


«Չորս միլիոնանոց Հայաստանի» թեզը, «համահայկական լիդերի» կերպարը փոխկապակցված գաղափարներ են ու միտված են նոր իշխանության կամ նույնիսկ մի քանի իշխանությունների ձեւավորման ու գործունեության մոտիվացիային:


Ժողովրդագրական միտումներն ուսումնասիրող աշխատանքային ոչ ֆորմալ խմբի նախաձեռնող Սամվել Ֆարմանյանն այս նոր առաքելության մեջ, ըստ էության, համարվում է Սերժ Սարգսյանի խոսնակը ու բնավ պատահական չէ, որ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ նա ընդգրկվեց Գործադիր մարմնի կազմում:


Նախօրեին կայքերից մեկին տված հարցազրույցում Սամվել Ֆարմսնյանը` զարգացնելով Սերժ Սարգսյանի թեզերն, ասել է. «Իմ կարծիքով՝ մեր անկախ պետականության համար ժողովրդագրական խնդիրները կարգավորելը կարող է 2-րդ պետական թեստը լինել, իսկ մենք առաջին ստուգարքը՝ Արցախի ազատագրումը, հանձնել ենք փայլուն: Այս խնդրի կարգավորումը պետք լինի մեր հասունության 2-րդ գնահատումը, վստահ եմ՝ մեր ժողովուրդն ու իր էլիտան կկարողանան այս հարցի շուրջ ունենալ ոչ միայն համազգային մտահոգություն, այլեւ լուծմանն ուղղված մասնակցություն: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը սա է լինելու, ես լավատես եմ»:


Կարծում ենք` Ֆարմանյանն առավել քան հստակ է արտահայտվել, եւ առաջիկա տարիներին Սերժ Սարգսյանը զբաղված է լինելու նոր իշխանության, համակարգի գաղափարական, քաղաքական հիմքերի ձեւակերպմամբ: Այս հանգամանքը էապես փոխելու է իշխանության նոր համակարգի ինստիտուցիոնալ եւ բովանդակային բնույթը: Արցախի խնդիրը կշարունակի մնալ իշխանության առաջնահերթություններից մեկը, սակայն կդադարի լինել իշխանության ձեւավորման ու գործունեության հիմնական մոտիվը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կատարված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո որպես հանրապետության նախագահի առավել հավանական թեկնածու երկար ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը:


Հիշեցնենք` նոր Սահմանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, եւ այդ պաշտոնն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ զրկված է գործադիր իշխանության նկատմամբ որեւէ ազդեցությունից: Նախագահի ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Գագիկ Հարությունյանը ստացել է հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ, եւ, ընդհանրապես, ինքը նման մտադրություն ունի՞, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Հովհաննես Պապիկյանը մեզ փոխանցեց. «Դա աբսուրդ հարց է, Գագիկ Հարությունյանը նման առաջարկ չի ստացել, մտադրություն էլ չկա»: Այլ կերպ ասած՝ Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի հանրապետության նախագահ դառնալ:


Ի դեպ, եկող տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը: Այդ օրվանից ՍԴ նախագահը պետք է վայր դնի իր լիազորությունները: Գործող Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանը փոխնախագահի ինստիտուտ չունի: ՍԴ նախագահն իր բացակայության դեպքում անդամներից մեկի վրա է դնում իր պարտականությունները: Սակայն ՍԴ նախագահի լիազորությունների դադարելու դեպքում պաշոնն ուղղակի թափուր է մնում:


Իսկ այդ դեպքում էլ ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է դատարանի՝ տարիքով անդամը: Տվյալ դեպքում ՍԴ ամենատարիքով անդամը Վոլոդյա Հովհաննիսյանն է: Վերջինիս լիազորություններն ավարտվում են եկող տարվա հունիսի 15-ին: Այսինքն՝ նա իր պաշտոնավարման մայրամուտին կհասցնի մեկ ամսով լինել ՍԴ նախագահ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հայկազ Բաղմանյանի հեռացումն ու նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, ըստ էության, ստացան պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակման իմաստ:


Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է իհարկե նախորդ տարի հոկտեմբերին, սակայն դե ֆակտո նախարար, նա, կարծես թե, դառնում է այժմ: Դրա վկայությունն էին Սարգսյանի հայտարարությունը, որ Հայկազ Բաղմանյանին, այսինքն՝ բանակի եւ իշխող համակարգի, այսպես ասած, անձեռնմխելի թվացող օդիոզ կերպարներից մեկին հեռացրել է ինքը, եւ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, որ Վիգեն Սարգսյանը բանակի, զինված ուժերի առաջնորդն է եւ ունի անհրաժեշտ բոլոր որակները, անկախ, այսպես ասած, բանակից չլինելու հանգամանքի:


Այս իրադարձություններն առիթ տվեցին հանրության ակտիվ խմբերին բավական լայն եւ բազմաբնույթ դիտարկումների, որոնցում զգալի տեղ էր հատկացվում այն հանգամանքին, որ Վիգեն Սարգսյանը՝ իհարկե Սերժ Սարգսյանի օժանդակությամբ, քայլ կատարեց դեպի վարչապետի հավանական պաշտոն: Իրականում, սակայն, տեղի ունեցածը այն է, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի աջակցությամբ, ըստ էության, ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը, այդ բառի քաղաքական եւ համակարգային, թերեւս, ամբողջական իմաստով:


Ի՞նչ կանի Սարգսյանը հետո, կամ ինչ կանեն Սարգսյանները՝ յուրաքանչյուրը իրենց մասով, սա իհարկե արդեն կանխատեսումների եւ վերլուծությունների դաշտից է, սակայն տեղի ունեցած իրողությունը թերեւս այն է, որ մեկ տարի անց Վիգեն Սարգսյանը «նշանակվեց» նախարար: Որովհետեւ մեկ տարի առաջ նրա նշանակումը առաջացրել էր մեծ տարակուսանք գրեթե բոլոր շերտերում: Դա նաեւ բնական էր՝ գործնականում պատերազմող բանակի նախարար է նշանակվում մարդ, որի կարիերան անցել է գրասենյակներում: Սա օբյեկտիվորեն հոգեբանական լուրջ անջրպետ է առաջացնում հենց զինված ուժերում:


Ավելին, դեռեւս դժվար է ասել, արդյո՞ք այդ անջրպետը ներկայումս հաղթահարված է՝ Բաղմանյանի հեռացումով եւ Մովսես Հակոբյանի հարցազրույցով: Ի վերջո, այդ նշանային իրադարձությունները կարող են լինել երաշխիք, որ անջրպետը, այսպես ասած, չի վերածվի կոնֆլիկտի: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը լուծում է կոնֆլիկտի հնարավոր տրանսլյատորների հարցը, բայց ի վերջո մտածողության, հոգեբանության մակարդակում իրավիճակի վրա ազդեցությունը դեռեւս պահանջելու է քայլեր ու ժամանակ: Եվ այդ իրավիճակում իհարկե հարց է առաջանում, կանի՞ Վիգեն Սարգսյանն այդ քայլերն ու կօգտագործի՞ ժամանակը, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան ազատել է կոնֆլիկտի, այսպես ասած, ռիսկերից»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետության կարիքների համար հայտարարվող գնումների գործընթացում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու: Համենայնդեպս, գործընթացը մեկնարկել է:


Բանն այն է, որ ՊՆ-ի հայտարարած մրցույթներին տնտեսվարողները գրեթե անխոչընդոտ կարողանում էին մասնակցել, սակայն, երբ գալիս էր պահանջվող ապրանքի բնութագրին համապատասխան տվյալներ ներկայացնելը, քաոսը սկսվում էր: ՊՆ-ն, օրինակ, եթե ցանկանում էր գնել բժշկական պարագաներ, գնման առարկայի տեխնիկական բնութագիրն այնպես էր կազմում, որ դրան համապատասխան ապրանք կարող է ներկայացնել միայն մեկ կամ լավագույն դեպքում երկու ընկերություն: Տեխնիկական բնութագրում գրում էին նույնիսկ տվյալ ապրանքն արտադրող ընկերության անունը:


Վերջերս մենք գրել էին, որ գնումների բողոքարկման խորհուրդը մերժել է ՊՆ-ի առաջարկը՝ «Լեյկոալեքս» եւ «Խաչփար» ՍՊԸ-ներին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու առաջարկը: Խնդիրն այն էր, որ ՊՆ-ն «Խաչփար» ընկերության կողմից գնման գործընթացի ժամանակ ներկայացրած ապրանքի տեխնիկական բնութագիրը համարել էր կեղծ, մինչդեռ ընկերությունը գրել էր այն, ինչ կար իրենց առաջարկած ապրանքի բնութագրում: Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել: «Լեյկոալեքս» ընկերությունը գնման մեկ այլ գործընթացից էր նույն պատրվակով դուրս մնացել: «Լեյկոալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկոալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:


«Խաչփար» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Բալասանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ ամսում որոշակի դրական տեղաշարժեր է նկատում ՊՆ-ի կողմից գնման գործընթաց կազմակերպելու հարցում: «Կոնկրետ ֆիրմաներին ուղղորդված տեխնիկական բնութագրեր են գրում, որով սահմանափակում են մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեցող այլ մասնակիցներին, խտրական պայմաններ են ստեղծում: Դրական երեւույթը, ասեմ ինչում եմ նկատում: Մի քանի օր առաջ զանգահարել էին տարբեր մատակարարների եւ հրավիրել էին ՊՆ քննարկումների՝ եկող տարվա մրցույթի համար կարաթելերի տեխնիկական բնութագրերի կազմման վերաբերյալ»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ ՊՆ-ում լսել են իրենց կարծիքներն ու առաջարկները:


Մեր զրուցակցի խոսքով՝ ՊՆ-ն, երբ գնումների բողոքարկման խորհրդում պարտվել էր, որոշել էր տեխնիկական բնութագրում կոսմետիկ փոփոխություն կատարել: Օրինակ՝ բնութագրի միջից «Ջոնսոն» ապրանքանիշի անունը հանել էին, սակայն տեխնիկական բնութագիրը նույն ձեւով թողել էին: «Մենք ասացինք, որ անունը հանելով՝ էությունը թողել եք նույնը: Իրենց խնդրանքով մենք աշխատել ենք իրենց առաջարկների վրա, ներկայացրել ենք մեր կոնկրետ առաջարկները, թե ինչ փոփոխությունների ենթարկել, որ խտրականություն չլինի»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ մեծ հույս չունի ՊՆ-ի ձեռնարկած գործընթացից, սակայն իրենք չեն կարող առաջարկներ չանել:


«ՊՆ-ի իներցիոն բնավորությունը հաշվի առնելով ակնկալիքներս մեծ չեն, բայց հաշվի առնելով, որ վերջին դեպքերը մեծ հնչեղություն են ունեցել մամուլում եւ մասնագիտական շրջանակներում, կարծում եմ՝ սառույցը շարժվում է: Մենք ուզում ենք, որ եթե կա օրենք, թող ընդհանուր լինի բոլորի համար»,- ընդգծեց Սմբատ Բալասանյանը:


Նշենք, որ եթե ՊՆ-ն իսկապես փոփոխություն կատարի տեխնիկական բնութագրերում, այսինքն՝ այն համապատասխանի օրենքի պահանջներին, ապա գնման գործընթացին ավելի շատ մասնակիցներ կարող են մասնակցել, եւ գնային ամենացածր առաջարկ անողը կհաղթի: Այդ դեպքում հովանավորչությունը կարող է վերանալ:


Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...