Ճապոնիան ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը՝ նոր ոլորտներ ներառելով երկկողմ հարաբերություններում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին՝ նշելով, որ միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավական չէ երկու երկրների փոխհարաբերությունների և գործընկերության համար:
Դեսպանի խոսքով, հատկապես հետաքրքիր է գյուղատնտեսությունը և որպեսզի Հայաստանի գյուղմթերքի արտահանումը խթանվի, հաջորդ տարի Ճապոնիայում կազմակերպվելիք food expo-ին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները.
«Նրանք կներկայացնեն գինի, մրգաչրեր, մեղր: Այդ մասնակցությունը կարող է խթանել այդ ապրանքատեսակների հետագա արտահանմանը»,- նշեց դեսպան Տագուչին: Հայաստանում ճապոնացիներին հետաքրքրում է նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտը:
Դեսպանի խոսքով, ոչ պակաս կարևոր է խթանել նաև Ճապոնիայից Հայաստան ներմուծումը, քանի որ այսօրվա դրությամբ Ճապոնիայից Հայաստան ներկրվում են ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա: Բայց ցանկալի է, որ ներմուծումը իր մեջ ներառի նաև բժշկական սարքավորումներ, էլեկտրական սարքավորումներ, տեխնիկայի դետալներ, նյութեր: Այդ ամենը, նրա խոսքով, անշուշտ հետաքրքիր կլինի հայ սպառողին, պարզապես պետք է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել:
Իսկ մինչ այդ, ամփոփելով տարին, նա ասաց, որ 2017 թվականը կարևոր տարի էր ներդրումների տեսանկյունից և երկու պետությունների կառավարությունները մոտ ապագայում, գուցե նաև հենց հաջորդ շաբաթ, նախատեսում են ստորագրել ներդրումների համատեղ ծրագիր, ինչը կնպաստի ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ծավալի ավելացմանը: Դեսպանը բացատրեց, որ համաձայնագիրը ոչ թե սահմանում է, թե կոնկրետ որ ոլորտներում են ներդրումները արվելու, այլ անհրաժեշտ փաստաթուղթ է ցանկացած երկրի հետ համագործակցության համար:
Այն ուղեցույց է, որը կօգնի Ճապոնիայի ներդրողներին իմանալ, գիտակցել և վստահ լինել, որ ամեն ինչ կարգավորվում է ըստ օրենսդրության և այս համաձայնագրի», - շեշտեց Էյջի Տագուչին: