Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Այս մասին տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հիշեցնելով իր նաև հայտարարությունը մինչև 2040թ. ժողովրդագրական և տնտեսական զարգացման թիրախների մասին:
«Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ: Շատ երկրներ իրենց զարգացման ճանապարհին արդեն իսկ անցել են այս ուղիով: Դրա համար անհրաժեշտ է համայնքների զարգացման մոտեցումների և ծրագրերի իրագործման պատկերացումների փոփոխություն: Ընթացիկ խնդիրների լուծումից անհրաժեշտ է անցնել երկարաժամկետ ծրագրեր կազմելուն՝ տեղերում ամրապնդելով սեփականության ու պատասխանատվության զգացումը»,- ասել է նախագահը:
Նշենք, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականին եղել է մոտ 3500 ԱՄՆ դոլար:
Երկրի ղեկավարի խոսքով, մեկ շնչին ընկնող իր նշած ցուցանիշին հասնելու համար մեկ աղբյուրից ներդումները լինելու են սահմանափակ.
«Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական և կանաչ պարտատոմսերի թողարկման համար»:
Սերժ Սարգսյանի խոսքով, այդ աճը նաև պահանջում է յուրաքանչյուր համայնքի ներդրումը: Մասնավորապես, համայնքները պետք է կարողանան ձևավորել համապատասխան կարողություններ բարձր որակի զարգացման և կոնկրետ գործարար ծրագրեր կազմելու համար: Այդ կարողություններն ուղղված կլինեն պետական-մասնավոր համագործակցությանը և դեպի համայնքներ մասնավոր ներդրումների հոսքին: Իսկ զարգացման ֆինանսավորման նոր մոտեցումների որդեգրումն ավելի կամրապնդի համայնքների ինքնուրույնությունը.
«Այս առումով լավ օրինակ է Երևան համայնքին «Ֆիտչ» ընկերության կողմից տրված բարձր վարկանիշը, որի արդյունքներն արդեն մենք տեսնում ենք: Երևան քաղաքը արդեն ստորագրել է ֆինանսական կառույցներից առաջին ֆինանսական ռեսուրսը ստանալու կոնկրետ պայմանագիրը՝ առանց պետական բյուջեի միջնորդության և պետական երաշխիքի: Իհարկե, սա չի նշանակում, որ այսպիսի պարագաներում համայնքները պետք է չարաշահեն և իրենց վրա վերցնեն բեռ, որ հետո իրենց խորտակելու է, բայց տրամաբանված, բարենպաստ պայմաններով վարկերի ստացումը և դրանց իրացումը մեզ համար ունի շատ կարևոր նշանակություն»,-միաժամանակ նշե է նա:
Համայնքներին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու, ապակենտրոնացման գործընթացները հաջողությամբ շարունակելու և իրագործելու համար, ըստ երկրի ղեկավարի, անհրաժեշտ է մշակել և իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր: Տեղերում անհրաժեշտ է ստեղծել մարդկային ռեսուրսներ և մասնագիտական կարողություններ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով իրականացնել արդեն իսկ տրված լիազորությունները: Բացի այդ,անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման և մասնավոր ներդրումներ ներգրավելու նորարարական մոտեցումները: Հայաստանի ֆինանսական հատվածը բավականին զարգացած է, և դա միջազգային կառույցների գնահատականն է, և ունակ է հանդես գալու նոր մոտեցումներով: Համայնքներն էլ պետք է սկսեն հասկանալ ֆինանսիստների երբեմնի բարդ թվացող լեզուն և ավելի արդյունավետ կերպով սկսեն օգտվեն ֆինանսական հատվածի ընձեռած հնարավորություններից:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին.
«Երկարաժամկետ հատվածում հաջողության են հասնում այն ծրագրերը, որոնք համայնքները կապում են գլոբալ արժեշղթաներ հետ։ Դրանք Արևելյան Եվրոպայի և այլ զարգացող երկրների համար լուրջ առաջընթաց են ապահովել: Արտադրվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները, դառնալով միջազգային շուկաների մաս, գործնականում ապահովում են անվերջ պահանջարկ։ Իրականացվող ծրագրերի շահառուների շրջանակը կարելի է էապես ընդլայնել համայնքներում քաղաքաշինական նորմերի, անշարժ գույքի կառուցապատման կանոնների ու կառավարման բարելավման շնորհիվ: Եթե մի քանի բառով ավելի հասկանալի ասելու լինեմ, ապա պետք է հստակ օրինակ բերեմ վերջին 2-3 տարիների մեր գործունեությունը` կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: Հիմա չկա Հայաստանում որևէ ապրանք արտադրող, որը շատ թե քիչ մրցունակ է և խնդիրներ ունի այդ ապրանքն իրացնելու հարցում: Իհարկե, եթե մենք ունենք հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում են քիչ քանակությամբ և ոչ որակյալ արտադրանք, ապա դա որոշակի դժվարություններ իրենից ներկայացնում է, բայց հարցրեք՝ որևէ խոշոր արտադրող ունի՞ խնդիր իրացման հետ: Չկա նման դեպք: Մենք այդ մեծ արժեշղթայի մի մասն ենք դարձել. մենք դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մաս, և այս հնարավորություններից մենք պետք է օգտվենք: Ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում ունենալու ենք նաև մի ձեռնարկություն, որը պետք է փորձի միավորել այդ մանր գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները՝ նախօրոք պայմանավորվելով ու նրանցից գնելով նրանց արտադրանքն ու ընդհանուր բրենդի տակ արտահանելու դեպի այլ շուկաներ»,- հավելել է նա:
Նշենք, որ մայիսին, ելույթ ունենալով նորընտիր Ազգային Ժողովի առջև, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2016-2040 թվականների ընթացքում Հայաստանը պետք է ապահովի միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնի ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ 5.5 անգամ աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները: