ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ուղղված է էներգետիկայի, տրանսպորտի, բիզնեսի հատվածի կայուն զարգացմանը: Այն հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելուց հետո:
«Այս համաձայնագիրն առաջինն է իր տեսակի մեջ, այժմ կարևոր է իրականացնել այն, ինչի ուղղությամբ մենք կաշխատենք միասին»,- ասել է նա:
Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի Հանրապետության և Եմրամիության միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:
Նա կարևորել է, որ համաձայնագրով օրինական հիմքեր են հաստատվում քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն համար, ինչպես նաև նոր հնավորություններ է բացում ներդրումների և ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար:
«Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ միջազգային օրենքի համապատասխան, այդ թվում բռնութուն չկիրառելու, մարդու իրավունքները հարգելու և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Հայաստանը նպատակադրված է հետագայում ևս համապարփակ համագործակցություն զարգացնել ԵՄ-ի հետ», - շեշտել է Նալբանդյանը:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել է, որ Բրյուսելում ստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով կողմերը հաստատակամություն են հայտնում ամրապնդել համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին: Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները: Կընդլայնվի նաև շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը:
Համաձայնագրում շեշտվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանը ու ինքնորոշման իրավունքին և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը: