23.11.2024
ՀՀ-ն շարունակելու է համատեղել անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հարևանության ռազմավարությանը
prev Նախորդ նորություն

Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Սարգսյանը՝ Ֆիլիպին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ: Այս մասին հայտնում են նախագահականից:


Հանրապետության նախագահը և Բելգիայի թագավորը իրենց հանդիպումը և իր բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն համագործակցության նոր նախաձեռնություններով։


Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու և միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, Նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։ Նախագահը նշել է, որ Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես` ԵՄ-ում։ Այդ համատեքստում Սարգսյանը և Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված և ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։


Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաև հայ-բելգիական առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները:


Հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային` ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: