Պողոսյան. Հանդիպումներ են, թող լինեն, բայց առանց Արցախի մասնակցության կարգավորում չի լինի
Խնդիրները ու բայցերը շատ են, բայց թող հանդիպումները լինեն, թող գնան, հանդիպեն ու խոսան, բայց ամենակարևոր հարցը մեր ներքին խնդիրների լուծումն ու զարգացումն է՝ տնտեսության, ժողովրդավարության, բանակի արդիականացման իմաստով: Միակ երաշխավոր գործոնը, որ տարածաշրջանում պահպանվի զինադադարը ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին:
Հանդիպման ադրյունքներից մեկն, ըստ Պողոսյանի, այն է, որ համաձայնություն ձեռք բերվեց մեծացնել հակամարտության գոտում ԵԱՀԿ միջազգային դիտորդների թվաքանակը: Եվ առաջիկայում պետք է ԵԱՀԿ համապատասխան նիստ լինի, որտեղ էլ կքննարկվի այդ հարցը, նաև ֆինանսական տեսանկյունից, իսկ քանի որ այդ կազմակերպությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, ապա բոլորը պետք է կողմ լինեն, այդ թվում և Ադրբեջանը: Սա արդեն ինչ-որ գործընթաց է, բայց պատգամավորին այլ հարց է հետաքրքրում՝ հետո՞:
«Ասենք, այդ մարդիկ եկան տեղ հասան, սկսեցին դիտորդական առաքելություն իրականացնել, բայց ի՞նչ կտա դա մեզ, եթե նույնիսկ այն դեպքում, երբ իրրենց վրա են կրակում, իսկ մենք նման դեպք ունեցել ենք, հասցեատերը չի նշվում: Կամ՝ հասցեատերն էլ կնշվի, թե ով է կրակել, հետո ի՞նչ են անելու: ՀՀԿ-ականներից մեկն ասաց՝ սանկցիաներ կկիրառվեն խախտող կողմի նկատմամբ, բայց երբ հայկական ուղղաթիռը խոցվեց, որևէ մեկը քաղաքական որևէ պատժամիջոց Ադրբեջանի նկատմամբ չկիրառեց»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Թևան Պողոսյանը նշեց, որ այդուհանդերձ այս մեխանիզմների ներդրումը կարևոր է և գուցե ընթացքում ինչ-որ արդյունք էլ տա, բայց քաղաքականությունն է առաջնային:
Լրջագույն խնդիրը, որ առաջ է քաշում Պողոսյանը և որը այդպես էլ երեկվա հանդիպման ժամանակ չլուծվեց, Ղարաբաղի մասնակցությունն է բանակցային գործընթացին: Նրա խոսքով՝ ձևաչափներով հանդիպումներ կարող են կազմակերպվել, բայց մինչև չլինի Արցախի մասնակցությունը՝ հիմնահարցով չեն կարող զբաղվել: Առավել ևս, որ գործ ունենք իսկապես անկանխատեսելի մի թշնամու հետ:
«Մենք արդեն տեսել ենք մեկ անգամ, թե ինչպես Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները, երկար բանակցությունների արդյունքում, եկան հասան Կազանի դուռը, բայց … Հիմա ունենք նույն իրավիճակը, ուղղակի դերակատարն է փոխվել՝ Մեդվեդևի փոխարեն Պուտինն է»:
Հարցին՝ ստացվում է, որ մի հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերել, որ այլ հանդիպումներ էլ կլինեն ուղղակի ժամանակ ձգելուն է միտված, պատգամավորն ասաց, որ ժամանակ ձգելը ձեռնտու է Ալիևին, քանի որ նա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է տեսնել միայն ռազմական ճանապարհով:
«Գուցե այս հանդիպումների մեջ իմաստ կա, քանի որ սա էլ գործընթաց է ցույց տալու կողմերի դիրքորոշումը: Բայց պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովողը լինելու է մեր հզոր բանակը: Մեր բանակն է միակ երաշխավորը, որ հրադադար կլինի»,- հավելեց Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներով Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են Վիենայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: