Կառավարությունը փետրվարի 6-ին Ազգային ժողով կներկայացնի իր ծրագիրը. Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հայտնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը, որ հունվարի 6-ին կառավարությունն ԱԺ կներկայացնի իր ծրագիրը:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Ավինյանը տեղեկացրել է, որ վաղը կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով և կհրապարակվի, ինչի արդյունքում արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով: Փոխվարաչապետը նաև հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա:
Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման գործիքակազմի հետ կապված հարցեր: