25.11.2024
Մամուլ. Հովիկ Աբրահամյանի վրա փոխհատուցման լուրջ բեռ է դրվել
prev Նախորդ նորություն

Դրանք պարզապես խոսակցություններ են. Փաշինյանը՝ Ալիեւի հետ հանդիպումների մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ: Այս մասին Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումները, Փաշինյանը պատասխանել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռեւս չեն սկսվել, մենք պարզապես հանդիպում ենք, զրուցում, կարծիքներ փոխանակում գործընթացների, բանակցային գործընթացի պատմության մասին: Մենք չենք ակնկալել, որ մեր այդ շփումների արդյունքում լինելու են որոշակի տեղաշարժեր»:


Հայտնելով, որ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ՝ վարչապետն ընդգծել է. «Նրանք աշխատում են այդ հնարավոր հանդիպումը կողմերի համար ավելի հասկանալի դարձնելու համար. ինչ եւ ինչպես ենք քննարկելու: Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշակի հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ՝ հայտարարել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը, այն հակամարտության հիմնական կողմերից մեկն է»:


Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, այդտեղ անցկացվում են ընտրություններ, ընդ որում, ԼՂ-ում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: «Նրանք ինձ իրենց որեւէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է վարչապետը:


Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարել զուգահեռներ տանելը ԼՂ հիմնախնդրի եւ այլ, օրինակ Դոնբասի կամ Աբխազիայի խնդիրների միջեւ: «Մեզ համար բացարձակ անընդունելի է, որ նման իրադրությունների միջեւ կարող են զուգահեռներ տարվել, քանի որ դրանք բացարձակ այլ ծագում ունեն, տարբեր իրավիճակներ են»,- ասել է ՀՀ վարչապետը: