Սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիների ահազանգերը սպասարկող 114 թեժ գիծ ծառայությունն իր 8 հոգանոց աշխատակազմով մնացել է օդից կախված վիճակում: 2018թ. տարեվերջին ավարտվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, իսկ նորը դեռ չի կնքվել: Այս մասին գրում է 168.am-ը:
Ամսական առնվազն 15.000 շահառուի զանգերը սպասարկող անձնակազմն առայժմ շարունակում է սպասարկել իներցիայով՝ առանց վճարման, և հույսով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Զառա Բաթոյանը թույլ չի տա այս փոքրիկ կառույցը վերացնել: Նորանշանակ նախարարի հետ հանդիպում դեռ չեն ունեցել, վստահ են՝ տեղյակ է իրավիճակին ու հիմնավոր լուծում կգտնի:
Այս պահին շրջանառվող միակ լուրն այն է, որ Կառավարության ձեռնարկած «օպտիմալացման» ծրագրի թիրախում, հնարավոր է, հայտնվի նաև այս կառույցը:
Աշխատավարձի և պահպանման շուրջ 24 միլիոն տարեկան ֆոնդը, հնարավոր է, Կառավարության համար ավելորդ համարվի, նույն տրամաբանությամբ ավելորդ համարվի նաև սոցիալական թիրախային խմբերին հեռախոսով ծառայություն մատուցելու տրամաբանությունը:
Այդուհանդերձ թեժ գիծ ծառայությունում տխուր տրամադրություններ են, ասում են՝ նախարարությունն ի վիճակի չէ և չունի այդքան ռեսուրս՝ սպասարկելու քաղաքացիների ահազանգերը։ Այստեղ չեն բացառում ավելի մեղմ սցենարը՝ կառուցվածքային փոփոխությունների ենթատեքստում ավելի փոքր թիմով ծառայությունը տեղափոխվի նախարարության ենթակայության տակ:
Ի դեպ, այս ծառայությունն աշխատում է 24 ժամյա ռեժիմով, ժամը 18։00-ից հետո ձայնագրված զանգերի պատասխանը քաղաքացիները ստանում են հաջորդ օրը՝ հետզանգի միջոցով:
Նշենք, նաև նույն ճակատագիրն է սպառնում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնին՝ իր 100-ի հասնող աշխատակազմով:
««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի» հիմնադրամը ևս շարունակում է սպասարկել սոցիալական ոլորտի տեղեկատվական համակարգերը, շուրջ 6500 կտոր համակարգչային տեխնիկան և սերվերային համալիրը՝ պատճառաբանելով գործառույթի պետական նշանակությունը:
Կառավարությունում մասնավորապես «Նորք»-ի մասով քննարկումները շարունակվում են դեռ անցած հոկտեմբեր ամսից ու տեսանելի չէ, թերևս, ոչ մի մոտեցում, որը նախընտրելի կլինի շահագրգիռ բոլոր կողմերի համար: