VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել։ Խոսվում է մի քանի տասնյակից մինչեւ 100 միլիոն դոլարի մասին: Ուստի Աբրահամյանները մտածում են գույք վաճառել՝ կա՛մ Մոնումենտում գտնվող ԱԺ «պատկերով» շենքը, որտեղ, ըստ չար լեզուների, վարդակները ոսկուց են, կա՛մ Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցը: Մեր հարցին ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ լուրերը որեւէ աղերս չունեն իրականության հետ. «Ստուգումներ են գնում մեր ընտանիքին պատկանող հիմնարկներում, բայց ոչ մի լուրջ խախտում, որեւէ լուրջ հարկային պարտավորություն չկա այս պահի դրությամբ` մեր մասով։ Չնայած ամեն ինչ արվում է, որ նման՝ հարկերը թաքցնելու պարտավորություններ հայտնաբերվեն»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետի մամուլի խոսնակ բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրթում»: Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ լեւոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պետք է պաշտոն ստանա, եւ ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ: Վերջիններիս կարծիքով՝ «մարտի 1»-ի գործով նա կարող է օգտակար լինել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանկարծ իրադարձությունների անիվը հակառակ ուղղությամբ չպտտվի եւ իրենց համար ոչ ցանկալի արդյունք չունենա: Սակայն այս գաղափարն այնքան էլ Փաշինյանի սրտով չէ, նա համոզված է, որ Ջհանգիրյանի դեպքում հանրությունը կհիշի նաեւ վերջինիս դատախազ աշխատած տարիների աղմկոտ գործերը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում զանգվածային «ներգաղթ» է սկսվել․ ավելի քան 3 հազար մարդ է դիմել այս կառույցում աշխատելու համար։ Այս մասին մեր լրագրողի հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա չի թաքցրել նաեւ, որ 2016-2017 թվերին՝ նախկին իշխանությունների պաշտոնավարման վերջին տարիներին, ոմանք զանգվածաբար հեռացել են համակարգից։ «Ես չեմ ուզում ասել, թե ինչ պատճառներով, չեմ ուզում նախկինների մասին խոսել, մի քանի անգամ այս մասին հայտարարել եմ ու հավատարիմ եմ մնում այդ սկզբունքին»,- նշել է Վանեցյանը՝ հեռանալու պատճառները չբացահայտելով։ Հարցին՝ իսկ իր պաշտոնավարման ընթացքում ազատվե՞լ է նախկին համակարգի կարկառուն կադրերից, Վանեցյանը նկատել է, որ ինքն էլ է համարվում նախկին համակարգի «կադր», ապա հորդորել է ԱԱԾ-ն դիտարկել այլ հարթության վրա․ «ԱԱԾ-ն յուրահատուկ մտածելակերպ ունեցող մարդկանց հիմնարկ է, որ մտնում ես այդ հիմնարկ, դու դառնում ես ուրիշ մարդ, իսկ գերնպատակը լինում է ծառայել պետությանը եւ ապահովել պետության անվտանգությունը։ Այս համատեքստում բնական է, որ կադրային ջարդ չէր կարող լինել, ընդհակառակը՝ շատ մեծ ներհոս է եղել 2018-ի ընթացքում, մինչդեռ մեկ-երկու տարի առաջ զանգվածաբար լքում էին»»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից անցած տարվա հունիսին Արմավիրի մարզպետ նշանակված առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը իր պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել պաշտոնից եւ սեփականություն հետ գցել: Միրիջանյանն իրենով է արել Էջմիածնի ծննդատան առաջին հարկի մի զգալի հատվածը եւ այնտեղ մասնավոր կլինիկա բացել: Իսկ դուք ասում եք՝ զրո կոռուպցիա»:
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ նախագահի աշխատակազմում ակտիվ օպտիմալացման գործընթաց է սկսվել: Ոմանց համոզում են դիմում գրել եւ աշխատանքից ազատվել, ոմանք էլ՝ պարզապես, ընկնում են, այսպես ասած, օպտիմալացման տակ: Թե հիմա ինչով է պայմանավորված հաստիքների կրճատումը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շարունակում է գործել կառավարության ղեկավարին համահունչ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Ավանդական հինգշաբթի օրերի փոխարեն այս անգամ կառավարության նիստն անցկացվում է չորեքշաբթի։ Մենք տեղեկացանք, որ այն այսօր անցկացնելու որոշումը կապված է կառավարության ծրագրի ներկայացման հետ։ Այն կներկայացվի կառավարությանը, որից հետո կուղարկվի Ազգային ժողով եւ կհրապարակվի։ Արդեն մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակությունը, որի օրակարգում մնացել էր մեկ հարց՝ հենց կառավարության ծրագրի ներկայացումը։ Նշենք, որ ՀՀ սահմանադրության 151 հոդվածի համաձայն` կառավարությունն իր ծրագիրը պետք է ԱԺ ներկայացնի կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվել է հունվարի 18-ին, երբ նշանակվել են նախարարները, արդեն վաղը կլրանա սահմանադրությամբ նախատեսված ժամկետը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ Հայկ Մարությանը «մոռանում» է տուն գնալ՝ աշխատում է մինչեւ գիշերվա ժամը 2-3-ը։ Մնում է այնքան, մինչեւ կինը՝ Իվան, գալիս է նրան տուն տանելու։ Քաղաքապետարանի պահակային ծառայությունը զարմանում է, թե ինչ իմաստ ունի այդքան աշխատելը․ «Նիկոլ Փաշինյանը ժամը 9-ին-10-ին տուն է գնում, քաղաքապետը քիչ է մնում էս շենքում լուսացնի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ` այնքան էլ այնպես չէ, թե ՀԱՊԿ քարտուղարի հարցը մեկընդմիշտ լուծված է․ 2-3 ամիս հետո ՀԱՊԿ նիստում (ժամկետները դեռ հայտնի չեն) հարցը կրկին օրակարգ կմտնի: Բայց չէ՞ որ ՀԱՊԿ անդամ երկրներն արդեն իսկ ասել են, որ պաշտպանում են Բելառուսի թեկնածու Զասին։ «Ոչ, դա ընդամենը փիար ակցիա էր Լուկաշենկոյի կողմից, դա Բատկայի երազանք-ճնշումն էր Պուտինի վրա` ցույց տալու, թե ինչ ազդեցություն ունի ՀԱՊԿ-ում Նազարբաեւ-Լուկաշենկո տանդեմը, նույնը` ԵՏՄ-ում։ Մի մոռացեք, որ Լուկաշենկոն ասել էր` մինչեւ դեկտեմբեր կլուծվի Զասի հարցը։ Դեկտեմբերն անցավ, հարցը չլուծվեց. այդ փաստաթուղթը ստորագրել են միայն Տաջիկստանն ու Բելառուսը, հարցի քննարկումը կշարունակվի մինչեւ պաշտոնական նշանակում։ Էտապներ կան, որոնցից չես կարող խուսափել, դա կարող է անգամ վերածվել լուրջ սկանդալի` հաշվի առնելով Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների վերջին թնջուկը` «հարկային մանյովրին»՝ 10 միլիարդին առնչվող։ Կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջել, Լուկաշենկոն այդ հարցում եւս բույանիտ արեց, հիմա լուռ հետ է քաշվել։ Բելառուսում այս տարի ընտրություններ են՝ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական, Ռուսաստանը կարող է քթից բերել։ Դրա համար է Բատկան լռում։ Այնպես որ` պետք է սպասել, սրանք համալիր լուծման հարցեր են»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայության կողմից «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում արված բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, եւ նրա փոխարեն պաշտոնում մեկ այլ աղմկալի նշանակում է կատարվել: «Միգուցե նա այս քայլին դիմում է` հաշվի առնելով, որ իր ենթակաները կաշառքի գործի մեջ են ներգրավված եղել եւ նրա թիկունքում են գործել: Կամ միգուցե նրան ստիպել են ազատման դիմում գրել: Քննությունը ցույց կտա, թե ով է կանգնած եղել տեսուչների կոռուպցիոն գործարքների հետեւում: Սակայն այս պաշտոնին մեկ այլ անձի նշանակումը լուրջ խոսակցությունների առիթ է տվել: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արտյոմ Հարությունյանի ազատումից հետո այդ պաշտոնին է նշանակվել Արման Ցոլակյանը: Վերջինս պատահական մարդ չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախօրեին ըստ էության հայտարարել է այսպես ասած՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Բաբայանը հայտարարել է, որ մարտին ստորագրահավաք է սկսելու Արցախում թեկնածու առաջադրվելու համար: Այդ հայտարարությանը զուգահեռ, Բաբայանը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն է արել՝ խոսելով այն մասին, որ 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի թեմային եւ հստակ ասել նրա մասին իր կարծիքը: Թե հատկապես ինչպիսին է այդ կարծիքը, Բաբայանը չի նշել, սակայն ասել է, որ Փաշինյանը դա հստակ գիտե դեռեւս 2016 թվականից: Ասել կուզի, Բաբայանը ակնարկել է վարչապետին, որ իր կարծիքը չի փոխվել եւ այն, ինչ ասել է 2016-ին, կրկնում է նաեւ հիմա: Արդյո՞ք դրանով Սամվել Բաբայանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանին ակնարկել, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:
Բանն այն է, որ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում դիտարկվում էր քոչարյանական թեւի ներկայացուցիչ: Մյուս կողմից հնարավոր է, որ Բաբայանը Նիկոլ Փաշինյանին այլ բան է ակնարկում, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակ էր 2016 թվականի հուլիսը: 2016-ի հուլիսին Հայաստանը, այսպես ասած, կաթվածահար էր եղել ՊՊԾ գնդի գրավումից, այն էլ Ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց, երբ հատկանշական զարգացումներ էին նաեւ արցախյան գործընթացում՝ Վիեննայի օրակարգով: Հետագայում, ի դեպ, այդ օրակարգը աստիճանաբար չեզոքացվեց, ու հարց է, թե ինչ ազդեցություն ունեցավ այդ հարցում հուլիսյան իրավիճակը: Հայտնի է նաեւ, թե հուլիսին ինչպիսի դերակատարում էր փորձում ստանձնել Նիկոլ Փաշինյանը, արժանանալով «Սասնա ծռերի» եւ նրանց համակիրների սուր քննադատությանն այն բանի համար, որ առաջարկում էր բաց ձեռքերի պայքար: Երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց իր այդ պայքարը՝ Հայաստանում առաջնորդելով թավշյա հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունից հետո Սամվել Բաբայանն ազատ արձակվեց՝ 2017-ի ընտրություններից առաջ ձերբակալվելուց հետո, որ տեղի էր ունեցել հայտնի «Իգլայի» գործով:
Հատկանշական է, որ ազատ արձակվելուց հետո Արցախ մեկնելու վերաբերյալ հարցին ի պատասխան Բաբայանն ասել էր, որ այդ առումով կանի այն, ինչ կասի Հայաստանի նոր իշխանությունը: Արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունն է Բաբայանին ասել Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մասին, թե՞ Բաբայանը ակնկալում էր, որ նոր իշխանությունը կդիտարկի նրա որեւէ դերակատարում, սակայն տեսնելով, որ այդպիսի դիտարկում չկա, նա ինքն է որոշում մտնել խաղի մեջ եւ հիշեցնել իր մասին: Թե Բաբայանը խաղի մի նոր ուղղություն է նախկին իշխող համակարգի մարտավարության մեջ, հաշվի առնելով այն, որ Բաբայանը, ի վերջո, այդ համակարգի ներկայացուցիչ է: Բոլոր դեպքերում, Արցախի պաշտպանության նախկին նախարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտը նոր շերտ է բացում ներքաղաքական իրողություններում, որն անկասկած կունենա նաեւ իր որոշակի շղթայական ազդեցությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Խոշոր հաշվով պետք չէ բացառել եւ այն, որ այդ միջոցով կբացահայտվեն նախկին համակարգի որոշակի շերտեր, որոնք ներկայումս թաքցվում են խնամքով՝ ավելի լավ ժամանակների համար»: