25.11.2024
Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչները կվերապատրաստվեն ՌԴ բուհերում. հանդիպում ԿԳՆ-ում
prev Նախորդ նորություն

Հարությունյան, թե՞ Բաբայան. Արցախի ընտրություններում ուրվագծվում են նոր լուրջ գործոններ

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաեւ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:


Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահմանադրական խոչընդոտի. վերջին 10 տարում նա մշտապես չի բնակվել Արցախում, այլ գտնվել է ՌԴ-ում: 2020թ.-ին Արցախում նախագահական ընտրություններում բացառիկ ֆավորիտ է համարվում իշխանական թեկնածու, ԼՂՀ նախկին վարչապետ, գործարար Արայիկ Հարությունյանը:


Նրա գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցությունը մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, իսկ 2020թ.-ին խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության հաղթանակի դեպքում Արայիկ Հարությունյանի շանսերը նույնպես կմեծանան` նա կունենա խորհրդարանական հենարան ի դեմս հաղթած կուսակցության:


Բացի այդ, Հարությունյանն ունի խոշոր բիզնեսներ Արցախում, տարիներ ի վեր աշխատել է վարչապետ, իսկ դա լրացուցիչ իմիջային, PR առավելություններ են ու վարչական ռեսուրսի ու ավելի լավ մեկնարկային հնարավորություններ` մյուս թեկնածուների համեմատությամբ:


Դեռևս պարզ չէ, թե ովքեր կարող են իրենց թեկնածությունն առաջադրել Արցախի ընտրություններում և ՀՀ-ի նոր իշխանություններն ում կցանկանան տեսնել Արցախի նախագահի պաշտոնում, սակայն Սամվել Բաբայանի` Կոմանդույուշիի գործոնը զգալի ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների ելքի վրա:


Նախագահական ընտրություններին կարող է մասնակցել նաև, որպես ընդդիմադիր ու այլընտրանքային թեկնածու Արցախի հերոս, գեներալ, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով նույնպես մեծ հեղինակություն է վայելում թե՛ հասարակության մոտ, թե՛ զինվորական շրջանակներում: Վիտալի Բալասանյանը կամ Ասկերանի Վիտոն, ինչպես նրան գիտեն Արցախում, մեծ ներդրում է ունեցել Արցախի պատերազմում` Ասկերանի պաշտպանության և այլ մարտերում, ինչպես նաև ապրիլյան քառօրյայի ընթացքում:


Ինչ վերաբերվում է այն հարցին, թե իր աջակիցներով, իր վարկանիշով ու հեղինակությամբ ում կաջակցի Սամվել Բաբայանը, այդ հարցը դեռևս բաց է, սակայն հաշվի առնելով նրա ընդդիմադիր պահվածքը, նա կարող է աջակցել ոչ թե իշխանությունների թեկնածուին, այլ հենց Վիտալի Բալասանյանին՝ որպես մարտական ընկեր ու հանրության շրջանում հարգանք վայելող գործիչ:


Վիտալի Բալասանյանն օրերս Եռաբլուրում կտրուկ հայտարարություններով հանդես եկավ՝ թե՛ հողերը բանակցությունների ընթացքում չզիջելու, թե՛ մարտի մեկի գործի հետ կապված, ինչը ՀՀ-ի նոր, հեղափոխական իշխանությունների կողմից կարող է նրան չներվել: Ուղիղ հակադրվել ՀՀ-ի իշխանությունների կարծիքին այս պահին կարող է արժենալ թե՛ պաշտոն, ինչը տեղի ունեցավ ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պարագայում, ով նշանակվեց ԱԻ նախարարի պաշտոնին, թե՛ հաղթանակ` ապագա նախագահական ընտրություններում:


Արայիկ Հարությունյանն ու նրա քաղաքական հենարան Ազատ Հայրենիք կուսակցությունն ողջունել են ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը` Ստեփանակերտից մեսիջ հղելով Երևանին:


Շատ բան Արցախի ներքաղաքական կյանքում կախված է լինելու ընտրություններից առաջ ինչպիսի իրավիճակ կլինի սահմանին, պատերազմը կամ պատերազմի մոտալուտ վտանգը կարող են հասարակությանը ստիպել քվեարկել ռազմական մեծ փորձ ունեցող զինվորականի օգտին` Վիտալի Բալասանյանի կամ Սամվել Բաբայանի, եթե վերջինս առաջադրվի ընտրություններում ու օրենքը դա թույլ տա:


Բացի այդ, կարևոր է նաև ՀՀ-ի նոր իշխանությունների դրական կամ վառ արտահայտված բացասական վերաբերմունքը որևէ թեկնածու նկատմամբ` դա նույնպես կարող է ազդել ընտրությունների ելքի վրա:


Ամեն դեպքում, Բալասանյան-Բաբայան տանդեմը կարող է լուրջ վերադասավորումներ առաջացնել Արցախի ներքաղաքական կյանքում ու կարևոր հանգամանք հանդիսանալ ապագա պատերազմում ռազմական էլիտայի միավորման տեսանկյունից: Վիտալի Բալասանյանի հաղթանակի դեպքում Բաբայանը կարող է կրկին վերադառնալ ՊԲ հրամանատարի պաշտոնին: