13.11.2025
Ամենօրյա մղձավանջ և քաոս, սա է իրական Հայաստանի պատկերը. Գալստյան
prev Նախորդ նորություն

Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է փորձաքննությունների

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝

1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների.


2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների.


3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:

Փորձարկումների արդյունքները

1․ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել.

2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել.


3․ որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը։


 

Մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները. Սուրեն Պապիկյան
Հաջորդ նորություն next