Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը:
Ելույթներում պատգամավորներն ու Կառավարության անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կարեւորել են վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, որոնց արդյունքում բազմաթիվ ոլորտներում դրական տեղաշարժ եւ տնտեսական աճ է արձանագրվել: Անդրադարձ է եղել ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում տնտեսական աճի միտումներին, արտաքին ու ներքին մարտահրավերներին, ներքաղաքական որոշ իրողությունների:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեղադրել են իշխող ուժին իրականացրած արտաքին ու ներքին քաղաքականության համար, իսկ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն էլ ընդդիմադիրներին՝ բազմաթիվ ոլորտներում դրական բարեփոխումները չնկատելու եւ անհիմն մեղադրանքների համար:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փաստել են՝ իրենց քաղաքականության նպատակը խաղաղության միջոցով սոցիալ-տնտեսական զարգացման նոր մակարդակի հասնելն է, իսկ 2026 թվականի բյուջեն խաղաղության հաստատումից հետո այդ քաղաքականության առաջին դրսեւորումն է:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը գալիք տարի նախատեսվում է հատկացնել 15,4 մլրդ դրամ? իրականացնելու 6 բյուջետային ծրագիր՝ 25 միջացառմամբ: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը: Նա անդրադարձել է 2026 թվականի հոկտեմբերին Երեւանում կայանալիք բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձությանը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին, ներկայացրել միջոցառման նշանակությունն ու բյուջետային շրջանակը: Զեկուցողի խոսքով COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլեւ գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ, գործընթացների գլխավոր բանակցային միջնորդ եւ հանդես է գալու որպես միջազգային ու տարածաշրջանային կամուրջ: «Մենք հնարավորություն ենք ունենալու խթանել դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները, բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը բնապահպանական քաղաքականության ոլորտում, խրախուսել գիտական եւ երիտասարդական ներգրավվածությունը՝ ստեղծելով նոր հետազոտական, կրթական եւ ինովացիոն հնարավորություններ, խթանել էկոտուրիզմի եւ հյուրընկալության ոլորտի զարգացումը, որը կունենա տնտեսական շղթայական ազդեցություն ծառայությունների մատուցման, տրանսպորտի, շինարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծել է նախարարը:
Ներկայացվել են ընթացիկ բնապահպանական ծրագրերը, անտառպատման եւ անտառվերականգնման մասով գալիք տարի իրականացվելիք աշխատանքները:
Կառավարությունը հետեւողականորեն աշխատում է մեր երկրի անվտանգության, պաշտպանունակության ապահովման եւ բանակի շարունակական զարգացման ուղղությամբ: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նա խոսել է Կառավարության ծրագրից ու ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգից բխող բարեփոխումների ընթացիկ արդյունքների մասին, ինչպես նաեւ վիճակագրական տվյալներ ներկայացրել վերջին տարիներին պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացման վերաբերյալ: Նշվել է, որ 2023-2025 թվականներին կատարված եւ արդեն 2026 թվականին կատարվելիք ծախսերն աննախադեպ են, որոնց արդյունքում հնարավոր է եղել իրականացնել մի շարք բարեփոխումներ, այդ թվում է՝ զինծառայողների ատեստավորման ծրագիրը: «Այսօր պայմանագրային զինծառայողն ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչեւ 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ դա էական բարելավում է:
Զեկուցողն անդրադարձել է նաեւ ռազմական կրթության ոլորտում կատարված փոփոխություններին ու ներդրումներին:
Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Նա խոսել է 2026 թվականի պետական բյուջեի նախագծով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին առնչվող անելիքների մասին: «2026 թվականին ծրագիրն ավարտելու համար բոլոր անհրաժեշտ աշխատանքները նախատեսված են: Դրանք կավարտվեն սահմանված ժամկետներում, եւ տարեվերջին մենք կունենանք ամբողջ ծավալով իրականացված ծրագիր՝ կառուցված կամ նորոգված եւ նոր գույքով ապահովված 300 դպրոցներ»,- ընդգծել է զեկուցողը: Ըստ նրա՝ 2025 թվականի ավարտին կառուցման կամ նորոգման աշխատանքներն ավարտված կլինեն 110 դպրոցներում: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ կառուցվող եւ նորոգվող դպրոցների ընտրության որոշումները կայացվել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների ու Քաղաքաշինության կոմիտեի եւ մարզպետարանների համատեղ աշխատանքների արդյունքում: Նշվել է, որ նորոգվող մանկապարտեզների կամ նախակրթարանների թիվը մինչեւ տարեվերջ կհասնի 500-ի, որոնց աշխատանքները կավարտվեն 2026 թվականի ընթացքում:
ՆԳ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 102.6 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով նախատեսվում է 101.4 մլրդ դրամի, կապիտալ ծախսերի գծով՝ 1.2 մլրդ դրամի հատկացում: Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Բարեփոխումների խորքային գործընթացը կշարունակվի նաեւ 2026 թվականին: Ընթացիկ տարում ավարտվել են ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձեւավորման աշխատանքները:
Ընդունվել են «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքի ու հարակից օրենքների նախագծերի փոփոխությունները:
Ավելի քան 10.000 ոստիկանության ծառայող անցել է կրթական տարբեր գործընթացներով եւ ոստիկանական համակարգի մաս կազմել: Նոյեմբերի 1-ին գործարկվել է Ոստիկանության գվարդիան. այն լինելու է ներքին անվտանգության համակարգի կարեւորագույն ուղղություններից մեկը:
ՆԳ նախարարը ներկայացրել է պարեկային ծառայությունում, քրեական եւ համայնքային ոստիկանությունում, հանրային ծառայությունների ոլորտում բարեփոխումները, հանցավորության բացահայտման ուղղությամբ իրականացված քայլերն ու վիճակագրությունը: Այս համատեքստում նշվել է, որ Կառավարության կողմից մշակման փուլում է Հանցավորության կանխարգելման ռազմավարությունը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2026 թվականի պետական բյուջեն որակել է պատմական՝ նշելով, որ կներդրվի առողջության հանընդհանուր ապահովագրության առաջին փուլը: Առաջին տարում մինչեւ 1 միլիոն 700 հազար քաղաքացի կներառվի համակարգում, հաջորդող 3-րդ տարում ամբողջ բնակչությունը կդառնա ապահովագրության շահառու: «Այն պատմական է, որովհետեւ իրագործվելու է 90-ական թվականների երազանքը՝ ունենալ հասանելի առողջապահություն»,- նշել է նախարարն ու հավելել՝ որեւէ ընտանիք, անգամ ամենահարուստ, իր ընտանիքի առողջության համար այդքան ծախս չի կատարում, որքան պետությունն այսօր եւ առավելապես հետագայում:
Նախարարը մանրամասն ներկայացրել է տարբեր ուղղություններով իրականացված միջոցառումները: