Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Իսրայելական ուժերը կրակ են բացել Լիբանանի հարավային սահմանամերձ շրջանների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։
Իսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Այտարուն բնակավայրի Խանուկ շրջանին, ինչպես նաև հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Տար Ֆալսայ բնակավայրին։
Նաբատիեի և հարակից բնակավայերի ուղղությամբ նոյեմբերի 13-ի գիշերվա ընթացքում նկատվել է իսրայելական անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ ակտիվություն։
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին դատապարտել է Իսրայելի ռազմական սադրանքները: «Հարավային Լիբանանում հրադադարի մոնիթորինգի կոմիտեն, որը գլխավորում են Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, պետք է ստիպի Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել 2024 թվականի նոյեմբերի 27-ի հրադադարի համաձայնագիրը», - ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի հարձակումները սպառնալիք են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար և խոչընդոտում են վերակառուցման ջանքերի մեկնարկը պատերազմից տուժած տարածքներում:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, դրա կնքումից մինչ օրս Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել՝ ևս 598 քաղաքացի։
Իսրայելական բանակը շարունակում է իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։