4.09.2025
Կհստակեցվեն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք դրույթներ
prev Նախորդ նորություն

Ավելի արագ ու ճկուն․ վարորդական իրավունք ստանալը Հայաստանում հեշտանում է

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայաստանի կառավարությունը վերացրել է վարորդական իրավունքի քննությունների տարածքային սահմանափակումը։ Սեպտեմբերի 4-ի նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած այս նորամուծությունը նպատակ ունի կրճատել քննական կենտրոնների հերթերն ու ապագա վարորդներին տրամադրել ավելի մեծ ճկունություն՝ գործնական քննության վայրն ու ժամանակն ընտրելիս։


Սեպտեմբերի 4-ին կայացած կառավարության նիստի ընթացքում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վարորդական վկայականի քննությունների կարգում կատարված կարևոր փոփոխություն։


Մինչ այժմ գործող կանոնակարգով՝ այն անձինք, ովքեր տեսական քննությունը հաջողությամբ հանձնում էին, օրինակ, Երևանի քննական ստորաբաժանումում, պարտավոր էին գործնական քննությունը ևս հանձնել նույն վայրում։ Նախարարի խոսքով, այս մոտեցումը քաղաքացիների կողմից արդարացի դժգոհությունների տեղիք էր տալիս, քանի որ զրկում էր ճկունությունից և հաճախ ստեղծում էր անհարկի ձգձգումներ։


«Այժմ այս կանոնը հանվում է,– հայտարարեց Արփինե Սարգսյանը։– Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել առցանց հարթակ և ընտրել գործնական քննության համար հասանելի մոտակա օրը՝ անկախ վայրից։ Պայմանականորեն, եթե տեսական քննությունը հանձնել եք Երևանում, իսկ մոտակա ազատ օրը հասանելի է Շիրակի մարզում, կարող եք գրանցվել և գործնական քննությունը հանձնել հենց այդ մարզում»։


ՆԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ այս փոփոխությունը ոչ միայն հարմարավետություն կստեղծի քաղաքացիների համար, այլև կնպաստի ամբողջ հանրապետության քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածության հավասարակշռմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի հերթերի զգալի կրճատման։

Լուսանկարը` TASS
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը