Հայկական բանակին լավ ծանոթ են ռազմական նոր տեխնոլոգիաները. Աշոտյան
Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը և այլ երկրներ պարտավոր են լրացուցիչ քննության առնեն ՄԱԿ-ին ուղղված հայտնի մարդկանց անհանգստությունները պարունակող նամակը, որում նշվում է, որ տեխնիկայի զարգացումը կարող է դառնալ մարդկության ոչնչացման ևս մեկ ծուղակ: Այս մասին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության կողմից կազմակերպված «Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր» խորագրով գիտաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինիս խոսքով՝ 21-րդ դարը դեռևս չի չեզոքացրել 20-րդ դարի՝ միջուկային զենքի մարտահրավերները: Եվ այս խնդիրը, ըստ Աշոտյանի, լոկ քաղաքական հրապարակախոսություն չէ.
«Հատկապես այս պարագայում, երբ և՛ Հայաստանը, և՛ Ղազախստանը, և՛ այլ երկրներ, որոնք կարող են, պետք է ստանձնեն նախաձեռնողականություն՝ օր առաջ, քայլ առաջ կանխելու նոր զենքի, մարդկային ոչնչացման նոր զինատեսակների ստեղծումը, որոնք հետևանք են նաև գիտատեխնիկական առանջընթացի, սակայն մյուս կողմից՝ մարդկային ագահության և անզուսպ ամբիցիաների զսպման»,- նշեց նա:
Աշոտյանն ընդգծեց՝ ով –ով, բայց ՀՀ բանակն ու ժողովուրդը շատ լավ գիտեն, թե ինչ կործանիչ ազդեցություն ունեն այն առաջին հայացքից գիտատեխնիկական հեռափոխական միջոցները՝ անօդաչու թռչող սարքերը, ռոբոտացված, ավտոմատացված միջոցները, որոնք պակաս կործանիչ չեն, քան միջուկային զենքերը:
«Հայկական բանակին լավ ծանոթ են ռազմական նոր տեխնոլոգիաները»,- հավելեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը: