VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը: Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաեւ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ի դեպ, Խաչատրյանը խնդրել է ընդառաջել իրեն՝ թողնել եւս 1 տարի ծառայել, որպեսզի 20 տարվա զինվորական ստաժ ունենա թոշակի գնալիս: Պարզ չէ՝ կընդառաջե՞ն, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, վարչության պետ կնշանակվի «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, եւ ի՞նչ որոշում են կայացրել:
«Դեռեւս խմբակցությունում չենք քննարկել, երբ քննարկենք, ու որոշում կայացնենք անպայման մամուլի հաղորդագրություն կտարածենք: Այն, որ ԵՏՄ-ին անդամակցելն արտաքին քաղաքական սխալ էր, դրա մասին մենք դեռ մեր նախընտրական ծրագրում էինք բարձրաձայնել: Խմբակցության կուսակցություններն էլ բազմիցս խոսել են այս կառույցի ոչ օգտակարության, ինչպես նաեւ Հայաստանի շահերին դեմ լինելու, եւ երկրի ինքնիշխանությանը վնասելու մասին: ԵՏՄ-ն որեւէ լուրջ օգուտ չի տվել Հայաստանին եւ հիմա սպառնում են էլ ավելի ավելացնել այն քաղաքական մշակույթը, որն առկա է ԵՏՄ-ում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Գորգիսյանի խոսքով`ՀՀ կառավարությունը, թեեւ ժամանակին նպաստել է, որ Հայաստանը անդամակցի այս կառույցին, ապա պետք է հիմա շտապ քայլեր ձեռնարկի կառույցից դուրս գալու համար:
«Էդմոն Մարուքյանի հայտարարությունը կոչ էր ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետեւ դրա մեջ կան օրենքներ, որոնք պետք է գործեն, իսկ եթե չեն գործում, ուրեմն իմաստ չկա մնալ նման կառույցի մեջ: Կառավարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու ջատագովն էր, բայց իրենք պետք է հիմա նախաձեռնեն այդտեղից դուրս գալը»,- նշեց Գորգիսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե խմբակցությունը պատրաստվում է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նման նախագիծ ներկայացնել, պատգամավորն ասաց. «Երբ ԱԺ-ում սկսենք մեր բնականոն աշխատանքները, նիստերը, այդ ժամանակ հստակ հայտարարություն կլինի, թե այս հարցի առումով որեւէ նախաձեռնություն լինելու, ինչ ձեւով է լինելու եւ երբ է լինելու: Դեռեւս չեմ կարող ասել, թե աշնանային նստաշրջանում հարցը կբարձրացվի, թե`ոչ»,- եզրափակեց Գորգիսյանը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեր հարցին ի պատասխան չհերքեց, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Նա նկատեց, որ այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Վերջինիս 178-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Այսինքն` 30 հազար դրամ:
«Ընդունված է, որ դպրոց հաճախելու համար պատասխանատուն ծնողն է: Բայց ի վերջո մենք հասկացանք, որ այս մեխանիզմը չի աշխատում, որովհետեւ շատ ու շատ ծնողներ անհետեւողական են կամ ինչ-ինչ պատճառներով երեխաներին չեն թույլատրում դպրոց հաճախել: Դրա համար հիմա մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել պետական մակարդակով. նախ հայտնաբերել այդ երեխաներին, գնահատել նրանց կարիքները եւ արդեն համապատասխան աշխատանք տանել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանության հետ միասին: Այսինքն` նայած` ինչ կարիք ունի երեխան: Կարիք ասածը` չի վերաբերում զուտ սոցիալականին: Պետք է հասկանալ` խնդիրն ինչում է կայանում եւ այո, ուղղորդել, աշխատանքներ տանել, որպեսզի երեխաները հաճախեն դպրոց»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Այս շաբաթ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկված ՀՀ եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկության համաձայնություն տալու հարցը։ Առաջին հայացքից թվում է, թե մեր ամենասրտացավ բարեկամը ճապոնացիները դուրս եկան, որոնք տեսնելով ԱԻՆ-ում մեր անմխիթար վիճակը եւ սարքավորումների պակասը՝ որոշեցին ձեռք մեկնել ու հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագիր առաջարկել։ Սակայն, ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը, նրանք ՝ թաց տեղ պառկող չեն։ Կառավարության օրակարգում ընդգրկված մեկ այլ որոշման նախագծի համաձայն՝ գործադիրը հավանություն կտա Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից ազատելուն, ընդ որում՝ բավական հրատապ՝ հենց սեպտեմբերի 6-ից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին: Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձեւը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանական պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում: Հիշեցնենք, ժամանակին Բաքու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թեւան Պողոսյանը, անգամ Արտաշես Գեղամյանը՝ մասնակցելու Բաքվում տեղի ունեցող տարբեր հավաքներին»: