24.11.2024
Մամուլ. ՊՆ-ում «մոլեգնում են» կոռուպցիոն մութ պատմություններն ու պաշտոնանկությունները
prev Նախորդ նորություն

Ճապոնիայի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի

2017 թվականի սեպտեմբերի 6-ից Ճապոնիայի քաղաքացիների համար կսահմանվի Հայաստան առանց մուտքի վիզայի ռեժիմ: Հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում:


Գործադիրը կսահմանի, որ Ճապոնիայի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: 

Ըստ հիմնավորման, Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Անկախությունից ի վեր, Ճապոնիան իր զարգացման պաշտոնական օգնության ծրագրերի միջոցով շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության և այլ ծրագրերի միջոցով: Աջակցության ծրագրերի իրականացման նպատակով ուսումնասիրություններ անցկացնելու համար շատ հաճախ իրականացվում են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համապատասխան մասնագետների այցելություններ Հայաստան: Նաև՝ ճապոնացիներն աչքի են ընկնում աշխարհում հաճախ ճանապարհորդելու տեսանկյունից: 


2017թ. հունվարի 1-ից Ճապոնիայի քաղացիներն ունեն ազատ մուտքի արտոնագիր կամ սահմանին այն ստանալու ընթացակարգ 172 երկիր այցելելու համար: Ճապոնիայի անձնագիրը համարվում է աշխարհում 5-րդը՝ (կիսում է տեղը նորզելանդական և իռլանդական անձնագրերի հետ) զբոսաշրջության ազատության տեսանկյունից:

Ճապոնիայի քաղաքացիները Վրաստան այցելելու դեպքում ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից, իսկ Ադրբեջան այցելելու դեպքում՝ մուտքի արտոնագիր ստանում են սահմանին: