Մենք չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել. Քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահ է՝ մենք չպետք է հրաժարվենք մեր պատմությունից: Լրագրողների հետ զրույցում քաղաքապետը, անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկին՝ անվանափոխել մայրաքաղաքի որոշ փողոցները, նշեց, որ պատմությունից պետք չէ հրաժարվել, բայց նաև ինքը դեմ չէ, որ փողոցները կոչվեն մեր ազգային հերոսների անուններով: Ուղղակի պետք է հաշվի առնվեն մի շարք գործոններ՝ թե՛ օրենսդրությունը, թե՛ երևանցիների կարծիքը:
Տարոն Մարգարյանի խոսքով՝ սա այն հարցն է, որ հանրության ու նաև գիտական շրջանակների կարծիքները ևս պետք է լինեն, առավել ևս, որ այդ առաջարկության մեջ որոշ խնդիրներ են տեսնում: Խնդիրը հիմնականում նրանում է, որ նախկինում այդ փողոցները անվանակոչվել են, հետո նորից վերանվանվել են նույն անուններով: VERELQ-ն արդեն գրել է, որ, օրինակ, Ամիրյան փողոցը, որը «Ելք» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, մի քանի տարի առաջ այդ գործընթացով անցել է, սակայն Վռամշապուհի փողոց երևանյան քարտեղի վրա այդպես էլ չավելացավ՝ փոխարենը վերադարձավ Ամիրյանը:
«Պետք հանրային քննարկում լինի, հասարակության կարծիք լինի և մասնագետների հիմնավորում լինի: Այդ ամենից հետո միայն Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը իր կարծիքը կհայտնի»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը:
Այդուհանդերձ, անվանափոխության համար ներկայացված փողոցներից մեկի մասով փոփոխությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեմ է. խոսքը Լենինգրադյան փողոցի մասին է.
«Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, մենք համագործակցում ենք, և մենք չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել: Մենք հարմար չենք գտնում այդ փողոցը վերանվանել»,- լրագրողի հարցին, թե ի՞նչ կապ ունի Լենինգրադյան փողոցը Հայաստանի պատմության հետ ասաց քաղաքապետը:
Մնացած առաջարկների մասին, կրկնեց Տարոն Մարգարյանը, իրենք կխոսեն քննարկումներից ու հանրային կարծիքը լսելուց հետո:
Հիշեցնենք, ընդդիմադիր խմբակցության կողմից այս շաբաթ Երևանի ավագանուն ներկայացված նախագծով առաջարկվում է անվանափոխել Երևան քաղաքի հինգ փողոց. Լենինգրադյան փողոցը` Լեոնիդ Ազգալդյանի փողոց, Կասյանը` կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի փողոց, Միկոյանը` Քըրք Քըրքորյանի փողոց, Ամիրյանը` Վռամշապուհ արքայի փողոց, Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների փողոց: