4.09.2025
Լուսանկարը` A1plus.am
prev Նախորդ նորություն

Թոշակների բարձրացման փոխարեն՝ քեշբեքի ավելացո՞ւմ. Թորոսյանը՝ կառավարության ծրագրերի մասին

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով թոշակների հնարավոր բարձրացման մասին հարցին, շեշտը դրել է գործող աջակցության գործիքների, մասնավորապես՝ թոշակառուների համար գործող քեշբեքի ծրագրի զարգացման վրա։


Հայտարարությունը հնչում է այն ֆոնին, որ հարյուր հազարավոր թոշակառուների (ընտրողների) ընդգրկող այս ծրագիրը գործելու է մինչև 2025 թվականի ավարտը՝ 2026թ․ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։


Կառավարության սեպտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյոք իր առջև դրված է թոշակներն ավելացնելու խնդիր։ Փոխարենը, նա ընդգծեց, որ գերատեսչությունը կենտրոնանալու է կառավարության ծրագրի իրականացման և արդեն գործող մեխանիզմների վրա։


«Դա հատկապես հետվճարի՝ քեշբեքի համակարգն է՝ անկանխիկ գործարքների միջոցով, որը մենք շարունակելու ենք խթանել։ Հնարավոր է՝ փոփոխություններ իրականացվեն գործող սահմանաչափերի աճի ուղղությամբ։ Երբ որոշումները կայացվեն, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», — նշեց Թորոսյանը։


Հայաստանում 2022 թվականից գործում է պետական ծրագիր, որը թոշակառուներին և նպաստառուներին թույլ է տալիս հետ ստանալ պարենային և ոչ պարենային ապրանքների անկանխիկ գնումների գումարի 12%-ը (սակայն ոչ ավելի, քան 6000 դրամ ամսական)։ Բյուջեից ֆինանսավորվող այս ծրագիրը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը և չի տարածվում կոմունալ վճարումների վրա։


Այս նախաձեռնությունն ընդգրկում է ընտրողների զգալի զանգված. վերջին տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է ավելի քան 440 հազար թոշակառու։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քեշբեքի սահմանաչափերի հնարավոր բարձրացման մասին ակնարկները կարելի է դիտարկել որպես սոցիալական աջակցությունն ուժեղացնելու և ընտրողների վստահությունն ամրապնդելու կառավարության ռազմավարության մաս։ Քարտերին ամենամսյա ուղիղ հետվճարը սոցիալական քաղաքականության շոշափելի և կանոնավոր գործիք է, որը կարող է կարևոր դեր խաղալ նախընտրական շրջանում։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը