4.09.2025
Համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ն ալկոհոլի և ծխախոտի շրջանառության նկատմամբ թվային վերահսկողություն է սահմանվում

Լուսանկարը` kamchatka.pro
Լուսանկարը` kamchatka.pro

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի շարժը վերահսկող նոր թվային համակարգ։ Կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում հավանության արժանացած որոշումը տնտեսվարողներին կպարտավորեցնի յուրաքանչյուր ապրանքի նույնականացման նշանը (օրինակ՝ QR կոդը) կցել հաշվարկային փաստաթղթերին։


Սա թույլ կտա Պետական եկամուտների կոմիտեին իրական ժամանակում հետևել մատակարարման ողջ շղթային՝ արտադրողից մինչև վերջնական վաճառող, ինչը ստվերային տնտեսության դեմ պայքարի կարևորագույն քայլ է։


Կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց ակցիզային դրոշմանիշով ապրանքների նկատմամբ վերահսկողության նոր մեխանիզմ սահմանող նախագիծ։ 2026 թվականից ալկոհոլի և ծխախոտի շարժի մասին ողջ տեղեկատվությունը պարտադիր կարտացոլվի հաշվարկային փաստաթղթերում։


Ըստ Հակոբյանի՝ այս երկու ապրանքախմբերն ընտրվել են որպես մեկնարկային, քանի որ դրանց համար հսկիչ նշանների համակարգը գործում է դեռ 2023 թվականից, և արտադրողներն ու ներմուծողներն ավելի լավ են պատրաստված նորամուծությանը։ «Փորձում ենք համակարգը կայացնել այս երկու խմբի վրա՝ հետագայում այն տարածելով նաև այլ ապրանքների վրա», — պարզաբանեց ՊԵԿ նախագահը։


Վերահսկողությունն իրականացվելու է երկու տարբերակով՝ էլեկտրոնային հաշիվների դուրսգրման համակարգի (e-invoicing) կամ հատուկ բջջային հավելվածի միջոցով, որը թույլ կտա սկանավորել հսկիչ նշանները և կցել դրանք փաստաթղթերին։ Ծրագրային ապահովումն արդեն պատրաստ է և թեստավորման փուլում է, ինչը բիզնեսին հնարավորություն կտա հարմարվել մինչև համակարգի պաշտոնական գործարկումը։


Նոր համակարգը թույլ կտա հարկային մարմնին տեսնել, թե որ փուլում է գտնվում ապրանքը՝ արտադրողի, ներմուծողի, մատակարարի, թե առևտրի կետում։ Միևնույն ժամանակ, նախատեսված է մեխանիզմ, որը թույլ կտա տնտեսվարողին ապրանքը նշել որպես «սեփական կարիքների համար»՝ դուրս բերելով այն հետագա շրջանառությունից։ Սա լուծում է խնդիրը, երբ, օրինակ, ռեստորանը ձեռք է բերում ալկոհոլ՝ այն բաժակներով վաճառելու համար։


Որպես բիզնեսի նկատմամբ կարևոր քայլ՝ մեղմացվել են նաև տուգանքները։ Ինչպես նշեց Հակոբյանը, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որով զգալիորեն նվազեցվել են դրոշմանիշի մասին տեղեկատվություն չներկայացնելու համար սահմանված տուգանքները։ Նախկինում դրանք հավասարեցված էին ՀԴՄ կտրոնի խախտումների համար նախատեսված խոշոր տուգանքներին, ինչը բազմաթիվ բողոքների պատճառ էր դարձել։

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ. 2025 թվականի առաջին կիսամյակ
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
04.09.2025
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին