29.12.2024
Մամուլ. ԱՄՆ-ի կոնգրեսականների այցը Հայաստան այդքան էլ սահուն չի անցել
05.10.2017
Մամուլ. ԱՄՆ-ի կոնգրեսականների այցը Հայաստան այդքան էլ սահուն չի անցել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ». «Մինչ հայոց իսթեբլիշմենթը շունչը պահած սպասում է Երևանում Դմիտրի Մեդվեդևի հոկտեմբերյան այցին, մեր տեղեկություններով` բավականին հետաքրքիր մտքեր են հնչել Մոսկվայում ԵԱՏՄ վերջին նիստի ժամանակ Դմիտրի Անատոլևիչի շուրթերից` ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների մասով. «Իրանը մեզնից կստանա ամեն ինչ, սակայն չի տա ոչինչ»: Հիշեցնենք, որ Իրանը ցանկություն էր հայտնել մաս կազմել ԵԱՏՄ տնտեսական գոտուն` Հայաստանի միջոցով, ստեղծելով կամուրջ` տրանզիտ ուղի դեպի ԵԱՏՄ երկրներ: Փորձագետների մեծ մասի կարծիքով` խնդիրը պայմանավորված է Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, որոնց ԵԱՏՄ-ացմամբ Ռուսաստանն առավել շահագրգիռ է։ Բանն այն է, որ Թուրքիան Ռուսաստանին ասել է` որ պահին Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, մենք կմտնենք ԵԱՏՄ: Ի դեպ, շատերի կարծիքով, Դմիտրի Անատոլևիչն իրեն նեղություն է տալիս Հայաստան գալ ոչ թե Թուրքիային ցուցանելու, թե որքան «ռազմավարական» է իր գործընկերությունը Հայաստանի հետ, այլ փորձելու է հասկանալ, թե հնարավո՞ր է այս անգամ ևս կանխել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը»: «168 ժամ». «Սարգսյանի վերջնագիրը Թուրքիային ինձ համար բավականին հետաքրքիր թվաց, քանի որ վստահ եմ՝ Սարգսյանը գիտի, որ Էրդողանը չի արձագանքելու այդ վերջնագրին՝ վավերացնելով այդ արձանագրությունները, ինչպես երեք տարի առաջ, երբ Սարգսյանը կրկին անդրադարձել էր արձանագրություններին: Կարծում եմ՝ այս անգամ ելույթի թուրքական հատվածի հասցեատերն այն միջազգային հանրությունն էր, որը Սարգսյանի հետ ֆուտբոլային դիվանագիտության, ապա՝ ցյուրիխյան արձանագրությունների նախաձեռնողն էր: Նախաձեռնողների թվում նաև Մոսկվան էր, որն այդ շրջանում որոշակի խնդիրներ էր փորձում լուծել»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ այս մասին ասել է թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը: Նա նշել է, որ Սարգսյանը փորձեց դուրս գալ «թելադրված ռուսական օրակարգից»՝ փորձելով հավատարմություն հայտնել Արևմուտքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և աշխարհում Թուրքիայի ներկայիս դերակատարության ընկալման մասով: Թուրք գործչի որակմամբ՝ սա հետաքրքիր ժեստ էր: Իր հերթին՝ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասել է, որ Սարգսյանն իր ելույթով փակեց այն դուռը, որը բացել էր Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Սակայն, ըստ նրա, խոսքը պարզապես այս փուլի մասին է, և ՀՀ իշխանություններն այնուամենայնիվ ապագայում ևս ձգտելու են հայ-թուրքական սահմանի բացմանը, որը ներկայումս անիրատեսական է»: «Հրապարակ». «Սեպտեմբերի 17-ին Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները և Դեյվիդ Վալադեոն: Նրանցից երկուսը՝ Սփիըրը և Էշուն, պարզվում է, հայկական արմատներ ունեն։ Նրանց՝ ԱՄՆ վերադարձից հետո նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է, որ կոնգրեսականների այցը Հայաստան այդքան էլ սահուն չի անցել։ Արցախ են մեկնել միայն կոնգրեսականներ Փըլոնը և Գեբըրդը։ Իսկ պատվիրակության մյուս անդամները հրաժարվել են Արցախ գնալուց, և հատկապես ցավալին այն է, որ Արցախ չմեկնողների թվում են եղել ծագումով հայ կոնգրեսականները, ովքեր վերջին պահին հրաժարվել են այցից։ Իսկ թե ինչու են վերջին պահին «փոշմանել», մնում է միայն գուշակել»: «Ժողովուրդ». ««Սատուրն-Ակիա» ընկերությունը, որից պաշտպանության նախարարությունը Քառօրյա պատերազմից հետո 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, այս օրերին դատի է տվել նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականին սեպտեմբերի 28-ին «Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն դիմել է դատարան և պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ պաշտպանության նախարարությանն իրեն տրամադրել շուրջ 3 միլիոն դրամ: Չի բացառվում, որ ՊՆ-ն սարք է գնել, սակայն չի կատարել գումարային պարտավորությունը, և ընկերությունը դատարանի դռներն ընկնելով է փորձում պահանջել իր գումարը»: «Ժամանակ». ««Երկիր ծիրանի» կուսակցությունը համաժողովրդական, համահայկական ընդվզման քարոզարշավի նախնական փուլը՝ մարզային այցելություններն ավարտել է, այժմ կուսակցությունը պետք է այդ քարոզարշավն իրականացնի Երևանում: Թե որքանով էր նման ձևաչափով քարոզարշավ անցկացնելը և իրազեկելը արդյունավետ, Զարուհի Փոստանջյանը դժվարացավ ասել: «Ժամանակ»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ մինչև այս տարվա վերջ նախապատրաստում են ընդվզման օր. «Դա պետք է լինի համահայկական ընդվզման օր, նույն օրը, նույն ժամին մեր քաղաքացիները պետք է դուրս գան փողոցներ և այդկերպ հայտնեն իրենց մերժումը այս ապօրինի գործող իշխանություններին: Մինչև տարեվերջ երեք ամիս կա, իրատեսական է, որ ընդվզումը կլինի, և ընդվզման գաղափարը չի արժեզրկվի»: «Ժողովուրդ». «Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են դժվար կացության առաջ: Նրանք Ռուսաստանից մեծ քանակությամբ թռչնամսի ներմուծման ներկայիս ծավալների դեպքում չեն կարող դիմանալ մրցակցությանը. ՌԴ-ից ներկրված թռչնամիսն ավելի էժան է, քան տեղական արտադրանքը, և սպառողներն էլ, բնականաբար, ընտրում են էժան ապրանքը: Թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. տեղական արտադրողի առաջին խոչընդոտը նման դեպքերում էներգակիրների բարձր սակագինն է, թանկ թռչնակերը: Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Սամվել Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է. «Ռուսաստանը գազ վաճառող երկիր է, բացի այդ` կերի խնդիր չունեն: Այսօր մարդիկ տեսնում են, որ արտադրելով գումար չեն աշխատում, ներմուծում են: Իսկ մենք աշխատող ենք պահում, պետությանը հարկ ենք վճարում, ընտանիք ենք կերակրում: Դրա համար թանկ է ստացվում մեր արտադրանքը: Այսպես շարունակվի, մենք էլ կփակվենք»: