Սարգսյանն ու Մեդվեդևը քննարկել են ԵԱՏՄ փոխգործակցության և ընթացիկ զարգացման հարցեր

94

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությանն ու ընթացիկ զարգացմանը վերաբերող հարցեր:


ՌԴ վարչապետը բարձր է գնահատել Տիգրան Սարգսյանի աշխատանքը ԵՏՀ նախագահի պաշտոնում: 


«Ցանկանում եմ նշել ձեր առանձնահատուկ դերակատարումը աշխատանքների կազմակերպման գործում: Ինձ թվում է, որ վերջին տարիներին հնարավոր է եղել ձևավորել բացարձակապես հանգիստ, արդյունավետ աշխատանք, երբ առօրյա խնդիրները չեն դրվում կառավարությունների ղեկավարների քննարկմանը, բայց միևնույն ժամանակ իրապես կարևոր հարցեր են առաջ քաշվում», - ասել է Մեդվեդևը:


Նա նշել է, որ Տիգրան Սարգսյանը մշտապես կարևոր օրակարգ է առաջ քաշում, որը կարևոր է ԵԱՏՄ անդամ «հնգյակի» համար: 


Իր հերթին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին հանձնաժողովի աշխատանքին դրական գնահատական տալու համար և նշել, որ ԵԱՏՄ մարմինների նիստերի շրջանակներում համակարգված հանդիպումները օգնում են տեսնել այն հեռանկարային ոլորտները, որտեղ Միության պետությունները համատեղ կարող են նոր հաջողությունների հասնել:


«Իհարկե, այն փաստը, որ վարչապետները հնարավորություն են ունենում տարեկան 4 անգամ քննարկել ինտեգրման բոլոր խնդիրները, օգնում է Խորհրդին եվրասիական օրակարգի առաջխաղացման գործում: Ձեր այս նախաձեռնությունը, որին աջակցել են նաև մյուս վարչապետները, շատ իմաստուն քաղաքական որոշում էր, որն օգնեց իրականացնել Եվրասիական միության պայմանագրով սահմանված բոլոր հիմնական նորմերը: Ձեր անձնական մասնակցությունը և համակարգված հանդիպումները, իհարկե, լուրջ խթան են հանդիսացել բոլոր հրատապ հարցերի լուծմանը: Մենք իսկապես տեսնում ենք այն հեռանկարային ոլորտները, որտեղ մենք համատեղ ջանքերով կարող ենք հասնել նոր հաջողությունների», - շեշտել է ԵՏՀ Խորհրդի նախագահը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...