Ժիրայր Սեֆիլյանը չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում և չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Սասնա ծռեր» կուսակցության խոսնակ Հերմինե Մկրտչյանը հայտարարել է, որ Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն չունի.«Ժիրայր Սեֆիլյանը որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ նրան այդպես էլ ՀՀ քացաքացիություն չի շնորհվել»,- ասել է նա: Սեֆիլյանը, համաձայն խոսնակի, որպես «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ, իր ակտիվ մասնակցությունը կբերի ողջ ընտրական գործընթացի ընթացքում:Ժիրայր Սեֆիլյանը օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Խոսնակը նշել է, որ նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով: Հոկտեմբերի սկզբին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով:«Քանի որ քաղաքացիություն շնորհելու լիազորությունը հայեցողական է, տվյալ պարագայում օրենքը չի արգելում հարգելի համարել Ժիրայր Սեֆիլյանի նախկին դիմումները և նրան քաղաքացիություն շնորհել հետին թվով: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն, ըստ էության, արձանագրում է, որ չկա Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք: Աղաջանյանը նշել է, որ եթե Ժիրայր Սեֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»,- ասել է Մկրտչյանը Yerkir-ի հետ զրույցում:Իսկ ճշտող հարցին, թե եթե հետին թվով չեն շնորհել քաղաքացիություն, ապա բնականոն ընթացակարգո՞վ էլ քաղաքացիություն չեն տալու, արձագանքել. «Սեֆիլյանը դիմել է նաև բնականոն ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար, դիմումն ընթացքի մեջ է, սակայն դա էլ անհասկանալի պատճառներով հետաձգում են»: