Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- հավելել է Դավիթ Տոնոյանը: 2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում: Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը Փանիկի դեպքերի հետո չէր բացառել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմաբազայի վերաբերյալ միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը: Տոնոյանը մինչ այդ Փանիկում փակ հանդիպում էր անցկացրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարի հետ և հանդիպումից հետո Փանիկի դեպքերի մասին հայտարարել, որ ՌԴ սահմանապահների մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։