31.12.2024
Էդուարդ Շարմազանովը ամոթանք է տվել բելառուսցի իր գործընկերոջը
13.10.2017
Էդուարդ Շարմազանովը ամոթանք է տվել բելառուսցի իր գործընկերոջը

ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց և չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Այս մասին Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ և ԲՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը: «Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,- ասել է նա: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականների համագործակցված աշխատանքը միջազգային հարթակներում: Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ և ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ իրական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»: Նա հավելել է նաև, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը: Նշենք, որ 2017 թվականի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ Բելառուսը Ադրբեջան է արտահանձնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ «Բելառուսի արած քայլը բարեկամական չէ, նաև քայլ է Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը հայտարարեց, որ դեմ է Լապշինի արտահանձնմանը: Սա Բելառուսի կողմից քայլ է ՀԱՊԿ երկու դաշնակից պետությունների դեմ»: