Նախկինները պատրաստավում են ռևանշի. ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը
«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը սեպտեմբերի 5-ի երեկոյան հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քննարկելու «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել էր այդ հանդիպման մասին մամուլում շրջանառվող լուրը՝ չհայտնելով սակայն հանդիպմանը քննարկվող հարցերի շրջանակը: «Նրանք միասին քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», - կարճ հայտարարել էր Կարապետյանը Factor-ի հետ զրույցում:
Հանդիպումից հետո մեկնաբանությամբ է հանդես եկել Ժիրայր Սեֆիլյանը: «Մտահոգություններ ունեինք երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, գլխավորապես այդ մտահոգությունների շուրջ ենք խոսել վարչապետի հետ», - ասել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել։
«Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք և իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը»,- ասաց Սեֆիլյանը:
Հստակեցնող հարցին՝ հատկապես ի՞նչն է մտահոգում իրենց, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թւոյլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»: